Հայաստանում առաջին անգամ եզդիերեն-հայերեն բառարան կտպագրվի: Բառարանը ներառում է 1000 բառ, դրա հրատարակումը կօգնի հարստացնել եզդիների մայրենի լեզվի բառապաշարը: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ Բորիս Թամոյանը:
Նրա խոսքով՝ բառարանը նախատեսված է հատկապես մայրաքաղաքում բնակվող եզդիների համար, որոնց մայրենի լեզվի բառապաշարը բավական փոքր է:
Բառարանը հրատարակվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ և, առաջին հերթին, օգտագործվելու է Երևանում եզդիերեն լեզվի դասընթացների ժամանակ:
«Երևանում ապրող եզդի երեխաները շատ քիչ հնարավորություն ունեն սովորել մայրենի լեզուն, և սա մեր կազմակերպության համար առաջնային խնդիրներից մեկն է համարվում, քանի որ առանց մայրենի լեզվի իմացության և սեփական ժողովրդի պատմության իմացության անհնար է համայնքի կյանքում առաջընթաց գրանցել: Կազմակերպությունը վաղուց էր ցանկանում նման ծրագիր իրականացնել, սակայն կային դժվարություններ, որոնք արդեն հաղթահարելի են, և դասընթացները հնարավոր կլինի կազմակերպել», – ասել է Թամոյանը: