Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պնդում է, որ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորականների վրա հարձակումը դրդված է եղել ազգային և կրոնական ատելությամբ, մինչդեռ Վրաստանի Ներքին գործերի նախարարության համոզմամբ, միջադեպը ազգային դրդապատճառ չի ունեցել։
Վիրահայոց Թեմը տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ հուլիսի 19-ին կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով:
«Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել և զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգևորականի և Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը և նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ…
…Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին։ Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է», – ասված է Թեմի հաղորդագրության մեջ:
Այսօր տարածած հաղորդագրության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը «Նովոստի Գրուզիա» գործակալության հետ զրույցում պնդել է, որ միջադեպն ազգամիջյան բնույթ չի կրել։
Վրաստանցի իրավապահներն իրենց հաղորդագրության մեջ նշել են, որ վիճաբանությունն ու ծեծկռտուքը գրանցվել է փողոցում՝ մեքենայի կայանման պատճառով, և քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 125 հոդվածով՝ ծեծ։
Լուսանկարը՝ newsgeorgia.ru