Home / Հայաստան / Բռնաբարված կինն անպաշտպան է նաև դատարանում, պնդում է տուժողի ներկայացուցիչը

Բռնաբարված կինն անպաշտպան է նաև դատարանում, պնդում է տուժողի ներկայացուցիչը

Բռնաբարության զոհ դարձած կնոջ գործով իրավապահ մարմինների անգործությունը բողոքարկելով՝ տուժողի պաշտպանները հասել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է տուժողի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը։ Նրա խոսքով՝ իրենք Վերաքննիչ դատարանից պահանջում են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը ՀՔԾ քննիչի գործողություններն օրինական է համարել։ Վերաքննիչը գործը կլսի սեպտեմբերի 8-ին։

Գալստյանն ասել է, որ իրենց ձեռքի տակ կան ապացույցներ այն մասին, որ բռնաբարության զոհ դարձած կնոջ բողոքի քննությամբ զբաղված երեք քննիչներից առաջինը՝ Ա. Կավեյանը, որոշակի տնտեսական հարաբերություններ է ունեցել բռնաբարությունը կատարած անձի հետ, հետևաբար նրա դեմ գործ հարուցելու մասին որոշում չի կայացրել։ Առաջին քննիչի գործելաոճին հետևել են նաև գործով զբաղվող երկու մյուս քննիչները։ Գալստյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել քննիչի կողմնակալ լինելու մասին ապացույցները։

«Կինը բռնաբարվել է, դա եղել է նրա առաջին սեռական ակտը՝ 28 տարեկանում։ Նա գիտակցել է, որ հասարակությունում խոսակցության թեմա է դառնալու, սակայն դիմել է ոստիկանություն՝ հույս ունենալով պատժել բռնարարին։ Սակայն գործը նման կողմնակալ քննության է արժանացել, բռնաբարողը պատասխանատվության չի ենթարկվել, փաստորեն, կինը անպաշտպան է եղել ոչ միայն բռնաբարության պահին, այլև՝ դրանից հետո»,-ասել է Նոնա Գալստյանը։

Նա հավելել է, որ Հայաստանում դատական ատյանները մարելուց հետո՝ իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ բռնաբարության փաստն ակնհայտ է։

Ըստ տուժող կողմի՝ կողմնակալ քննություն վարելուց բացի, գործով զբաղվող երեք քննիչներն էլ խախտել են գործի կոնֆիդենցիալությունը՝ կնոջ ծանոթներին հայտնել բռնաբարության մասին։ Քննիչները պնդել են, որ բռնաբարության փաստը չի ապացուցվել, և գործողությունը կատարվել է փոխհամաձայնությամբ։

Բռնաբարության զոհ դարձած կինն իր գործի մասին բաց նամակով դիմել է Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպաններին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս գործի քննության դեմ բողոքի ակցիա է անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Արդարադատություն պահանջող քաղաքացիները նախագահական նստվայրից հետո երթով գնացել են դեպի Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ hetq.am կայքը ներկայացրել էր քննության մանրամասները։