Քաղաքացիկան ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ ոստիկանների բողոքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով երեկվա դատական նիստը վերածվել է 90 րոպե տևողությամբ վիճաբանության՝ նախագահողի և Գասպարիի ներկայացուցիչների միջև։
Հիշեցնենք, որ բողոքը բերած ոստիկաններ Խաչիկ Ավետիսյանը, Դիանա Վարդանյանը, Սոնա Մելիքյանը պահանջում են Գասպարիից 900.000 դրամ բարոյական վնասի փոխհատուցում՝ ոստիկաններին «հանցագործ» և «սրիկա» անվանելու համար։
Ինչպես և նախորդ նիստին, երեկվա քննությանը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայցվորներից միայն Սոնա Մելիքյանն էր ներկայացել։ Դատարանը, սակայն, բուն նյութերի ուսումնասիրությանը չի հասել, քանի որ վիճաբանություն է սկսվել այն հարցի շուրջ՝ արյդոք լրագրողները կարող են տեսաձայանգրել նիստի ընթացքը։
Ոստիկան Սոնա Մելիքյանն առարկել է տեսաձայնագրմանը, իսկ պատասխանող Վարդգես Գասպարին ասել է, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելը դահլիճում ոչ միայն տեղեկատվություն ստանալ և տարածելու սահմանադրական իրավունքի խախտում է, այլև խախտում է քաղաքացիական հասակարության իրավունքը, քանի որ գործը քաղաքացի֊ոստիկան իրավահարաբերության մասին է։
Նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը (լուսանկարում), սակայն, հայտարարել է, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 114 հոդվածի, դատարանը թույլ չի տալիս տեսաձայնագրում, քանի որ կողմերից մեկը դեմ է դրան։
Այս առիթով հայտարարություն է ցանկացել անել Վարդգես Գասպարիի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նախագահողն ընդհատել է նրան, իսկ Եգորյանն առարկել է նրա գործողություններին՝ դրանք կամայականություն որակելով։ Ըստ փաստաբանի՝ նախագահողը չի կարող անցնել այլ հարցի և սահմանափակել կողմի՝ հայտարարություն անելու իրավունքը։
Դատարանը մի քանի անգամ վստահեցրել է, որ ինքը կողմնապահություն չի ցանկանում անել։ Ինչևէ, բանավեճը՝ լրագրողների տեսանկարահանման հարցի շուրջ շարունակվել է մինչև աշխատանքային օրվա ավարտը, որից հետո նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 19-ը, ժամը 09։30։