Եթե հոկտեմբերի 10-ին Հայաստանը Մինսկում ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, ապա մի շարք ոլորտներում կկորցնի իր փաստացի անկախությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա նշել է, որ անդամակցության պայմանագրի մի շարք կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին։ Մասնավորապես, Սահմանադրությամբ ՀՀ կառավարությունն է իրականացնում երկրում ֆինանսատնտեսական, վարկային և հարկային քաղաքականությունը, և այդ գործառույթը չի կարող փոխանցվել մեկ այլ մարմնի, ինչը ԵՏՄ մտնելուց հետո տեղի է ունենալու, քանի որ մի շարք հարցերում որոշում է կայացնելու Մոսկվայում գործող հանձնաժողովը։
«Վտանգները շատ են, վտանգ է, օրինակ, որ մենք կորցնում ենք տնտեսական անկախությունը։ Այս ոլորտներում՝ մաքսային ոլորտում, արտաքին տնտեսական հարաբերությունների, արտաքին տնտեսական առևտրի ոլորտում մենք 100 տոկոսով կորցնում ենք մեր անկախությունը և գործառույթները փոխանցում Մոսկվային։ Դա, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցությունների վարումն է, դա ցանկացած այլ երկրի հետ արտոնյալ մաքսային պայմանների ստեղծման գործառույթն է, այդ ամենը թղթով անցնում է Մոսկվային», ֊ ասել է Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ իրենց կազմակերպությունը պահանջում է հանրաքվե անցկացնել, որովհետև անկախությունը հանրաքվեով ձեռք բերված մի բան է, և միայն հանրաքվեով դրա որոշ տարրեր հնարավոր է հանձնել Մոսկվային։ Իոաննիսյանը հավելել է, սակայն, որ անկախությունը հանձնելը, ամեն դեպքում, լավ չէ։
«Ըստ էության, ԵՏՄ֊ի հետ պայմանագիրը կարելի է անվանել տնտեսական կապիտուլիացիայի պայմանագիր», ֊ հայտարարել է Իոաննիսյանը։