Home / Հայաստան / Խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանը պայքարելու է խոշոր բիզնեսում ստվերի դեմ

Խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանը պայքարելու է խոշոր բիզնեսում ստվերի դեմ

Այս տարի պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2015 թվականի բյուջեի նախագիծը։

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար տրամադրվելու է բյուջեի 21.4 տոկոսը։

Աբրահամյանի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանը ևս շարունակելու է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ շուրջ 45.5 մլրդ դրամի միջպետական վարկ տրամադրելով։

Վարչապետը կոչ է արել պատգամավորներին ավելորդ չքաղաքականացնել բյուջեի քննարկումները։

«Խնդրանքս այն է, որ զերծ մնանք բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, չբերենք այս դահլիճ հրապարակի կրքերը», ֊ ասել է Աբրահամյանը:

Վարչապետն իր ելույթում խոսել է ստվերային տնտեսության մասին՝ ասելով, թե կառավարությունը չունի կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնի:

«Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր և ստեղծելու ենք պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ», ֊ հայտարարել է Աբրահամյանը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի անդամների անունը կապվում է բազմաթիվ բիզնեսների, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարարնների հետ, որոնք տարեց տարի ավելացնում են արտադրության և արտահանման ծավալները։ Նախորդ շաբաթ «Հրապարակ» օրաթերթի հոդվածում նշվում էր, որ Բնապահպանության նախարարության ստուգողները հնարավորություն չունեն մտնել վարչապետի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանի հովանու ներքո գտնվող ձկնային տնտեսություններ՝ ստուգումներ անելու նպատակով։

Ամռանը Հովիկ Աբրահամյանի բիզնես գործունեությունից բողոքում էին Գառնիի բնակիչները։

Նախորդ տարի Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին Ազգային ժողովում խոսել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։