Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն այսօր վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի։ Հայցի առարկան «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի (լուսանկարում՝ ձախից) հոդվածն էր՝ վերնագրված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»։ Քաղաքացիները պահանջում էին ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, հերքում տպել և իրենց 5 միլիոն դրամ վճարել պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Հոդվածում հեղինակը ներկայացնում էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով՝ կոչ անելով «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից: Բացի դա, հոդվածում քաղաքացիներին անվանում են «ազգի և պետության թշնամի» ու «զոմբի»։
Ներսիսյանը ոչ միայն մերժել է հայցը, այլ նաև պարտավորեցրել է քաղաքացիներին «Իրավունք» թերթին վճարել 150 հազար դրամ որպես փաստաբանի վճարի փոխհատուցում և նույնքան գումար բռնագանձել հօգուտ Հովհաննես Գալաջյանի։
Դատավորի վճիռը Գալաջյանի մոտ մեկ տասնյակ աջակիցներ ծափերով են դիմավորել։ Նրանց թվում է եղել նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը (լուսանկարում՝ աջից), ով անցյալ շաբաթվա վերջին «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։
Լրագրողների հետ զրույցում Բաբուխանյանն ասել է, թե «որոշ անձինք փորձել են մարդկանց հետապնդել իրենց արտահայտած կարծիքի համար, ինչը չի կարելի թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում»։ Պատգամավորի խոսքով՝ նման հետապնդման փորձը Սահմանադրության խախտում է։
«Մենք պարտավոր ենք պաշտպանել ցանկացած քաղաքացու՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը», ֊ ասել է Բաբուխանյանը։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարել է, որ վճիռն իր համար զարմանալի չէր նրանից հետո, երբ երկրի նախագահը «քայլ արեց դեպի «Իրավունք Մեդիա» ՍՊԸ֊ն»։ Նա հիշեցրել է, որ նույնը տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի դատավճռից առաջ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հարությունյանը խուլիգանություն է արել։
Հայցվորներից մեկը՝ Նվարդ Մարգարյանը, նույնպես բնական է համարել դատավճիռը՝ դարձյալ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացի մեդալով է պարգևատրել «ֆաշիստական թերթը հովանավորողներին ատելություն և խտրականություն սերմանելու համար»։
Մարգարյանը նշել է, որ հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը։