հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Անկախ ՓՄՁ֊ների բողոքներից, կառավարությունը չի փոխելու շրջանառության հարկի շեմը

Անկախ ՓՄՁ֊ների բողոքներից, կառավարությունը չի փոխելու շրջանառության հարկի շեմը

2015 թվականի պետական բյուջեի եկամուտներից 12 միլիարդ դրամը հավաքվելու է «Շրջանառության մասին» նոր օրենքի շնորհիվ ավելացված վարչարարական միջոցների շնորհիվ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Նա ասել է, որ այդքանով իրենք փորձելու են լրացնել այն բացը, որը բյուջեում ստեղծվելու է սահմանամերձ համայանքներում հարկային արտոնություններ տալու (2.5 միլիարդ) և ԱԱՀ-ի գանձման մասին (5.2 միլիարդ) նոր օրենսդրական փոփոխություններից հետո:

Ալավերդյանն ընդգծել է, որ իրենք մտադիր են այժմ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) անվան տակ գործող շատ տնտեսավարողներին ԱԱՀ դաշտ տեղափոխել, որից էլ կշահեն այդ 12 միլիարդը։

Պաշտոնյան ասել է, որ, չնայած փոքր և միջին ձեռնարկատերերի դժգոհության, Կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել օրենքի փոփոխությունից, ոչ էլ պատրաստվում է բարձրացնել ՓՄՁ-ների շեմը՝ 58 միլիոն դրամը:

Ըստ Ալավերդյանի՝ ՓՄՁ-ներից շատերը պահանջում են շեմի բարձրացում, քանի որ այժմ իրենք ստվերում են գործում:

«Գրանցված 67 հազար ՓՄՁ֊ներից 40 հազարը տարեկան ցույց է տալիս 5 միլիոն շրջանառություն»,-ասել է Ալավերդյանը՝ հարց բարձրացնելով՝ եթե ձեռներերցներն այդքան հեռու են շեմից, ապա ինչու են նրանք պահանջում բարձրացնել շեմը։

Նախորդ ամսին կազմակերպված «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների դեմ ակցիաների ընթացքում բազմաթիվ ձեռներեցներ՝ հիմնականում տոնավաճառներում և առևտրի կենտրոններում փոքր կետերի սեփականատերեր, բարձրացրել են այդ հարցը՝ նշելով, որ 58 միլիոնի շեմն իրենցից շատերը միանշանակ անցնելու են, իսկ հարկերի բարձրացման դեպքում իրենք ստիպված կլինեն դադարեցնել առևտրային գործունեությունը։ Մասնավորապես, բողոքում էին ոսկու շուկաներում առևտուր իրականացնողները, ովքեր նշում էին, որ իրենց ապրանքի հումքն ու արժեքը թանկ է, ու, ընդամենը մի քանի ամսում, կարող են անցնել շրջանառության հարկի շեմը։

Ըստ Արմեն Ալավերդյանի՝ իրենց ստվերային բիզնեսները պահպանելու և հարկերից խուսափելու համար են բողոքում կառավարության նախաձեռնած մեկ այլ՝ դրոշմապիտակների մասին օրենքի դեմ: Այդ օրենքով, ըստ Ալավերդյանի, կանխատեսվում է 3 միլիարդ դրամի եկամուտ 2015 թվականի բյուջե:

Նշենք, որ նոր օրենքի համաձայն, 3֊5 դրամ արժեքով դրոշմապիտակները պարտադիր են դառնում ոչ միայն սննդի, այլև այլ լայն սպառման ապրանքների համար։