Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԼՂՀ֊ում զոհված զինծառայող Արման Մուրադյանի գործով դատական նիստը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Ներկայումս դատական նիստերն անցնում են չճանաչված ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարանում, իսկ պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե նիստերն անցնում են «Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում»։
Զինվորի հոր՝ Հովսեփ Մուրադյանի խնդրանքով, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը միջնորդել էր քննել դատական նիստերը Սյունիքի մարզ տեղափոխելու հարցը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն Անդրեասյանին նոյեմբերի 3-ին պատասխան գրություն է ուղղել, որի մեջ ասված է․
«Հայտնվում է, որ ՀՀ Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից գործերը քննվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որը նախատեսում է նաև արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորություն՝ համապատասխան N զորամասերում և N զորամասերի գտնվելու վայրի քաղաքներում։
Միաժամանակ հայտնվում է, որ դատարանի որոշմամբ արդեն իսկ սահմանվել է հաջորդ դատական նիստի վայրն ու ժամանակը, որի մասին կողմերը պատշաճ ձևով տեղեկացվել են»։
Epress.am֊ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասել է, որ Ստեփանակերտում ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առկայությունը հակասում է ՀՀ դատական օրենսգրքի 24 հոդվածի 4-րդ մասին, որտեղ սահմանված է.
«Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում»: Փաստաբանն ընդգծել է, որ Ստեփանակերտը Սյունիքի մարզի վարչական տարածքում չի գտնվում:
Հովսեփ Մուրադյանը, իր հերթին, Epress.am֊ին ասել է, որ չափազանց դժգոհ է նման որոշումից։ Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում մասնակցել Ստեփանակերտում կայանալիք նիստերի, քանի որ դատավարությունն ընթանում է այլ պետության տարածքում, որտեղ հեշտությամբ կոծկում են գործերը։ Բացի դա, նա նշում է, որ ֆինանսական հնարավորություն չունի ամեն անգամ ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Մուրադյանը չի վստահում նախաքննության առաջ քաշած որդու ինքնասպանության վարկածին, որը հերքել էր նաև ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Մուրադյանի որդու գործում խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում Հայաստանի քաղաքացու ծառայելը։ Այդ հարցը ՀՀ կառավարության առջև բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Epress.am֊ի հետ զրույցում խնդրի մասին խոսել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Մանրամասները՝ այստեղ։
Լուսանկարը՝ courtnkr.am