Home / Հայաստան / Եղնիկի բնակիչները գյուղապետին համոզել են միանալ բողոքի ակցիային

Եղնիկի բնակիչները գյուղապետին համոզել են միանալ բողոքի ակցիային

Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի մոտ 500 բնակիչներ այսօր փակել են Գյումրի տանող ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի կամ նրա աշխատակազմից որևէ մեկի հետ: Այս մասին Epress.am-ին հայտնել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Միսաք Թորոսյանը:

Բողոքի պատճառը գյուղում խմելու ջրի բացակայությունն է:

«Սովետի վերանալուց ի վեր մենք ջուր չունենք, երկիրը քանդվեց, ջրերը կտրեցին էլի: Մենք խմում ենք առվի ջուրը, լիքը մանրէներով»,- ասել է Թորոսյանը:

Եղնիկի անկուսակցական գյուղապետ Աշոտ Առաքելյանը Epress.am-ին ասել է, որ բողոքի ակցիան ինքը չի կազմակերպել, սակայն գյուղացիները նրան համոզել են մասնակցել: Առաքելյանի խոսքով՝ մոտ 2 ժամ ճանապարհը փակելուց հետո գյուղացիների հետ հանդիպելու է եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

Այս պահին գյուղացիներն իրենց պահանջներն են ներկայացնում Սահակյանին: