Այսօր Epress.am֊ի լրագրող Լուսինե Խաչատրյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Զանգահարողը պարզաբանել է, որ լրագրողի բջջայինի անձնական համարից զանգահարել են քաղաքացի Էմմա Սահակյանին, և ՀՔԾ֊ում ցանկանում են պարզել, թե ինչու է այդ զանգը կատարվել։
Լրագրողը նշել է, որ ՀՔԾ կներկայանա միայն ծանուցագիր ստանալու դեպքում։ Քիչ անց ՀՔԾ֊ից կրկին զանգահարել են՝ խնդրելով ներկայանալ ու վերցնել ծանուցագիրը, որպեսզի «արագ լինի»։ Լուսինե Խաչատրյանը հրաժարվել է ներկայանալ և խնդրել է, այնուամենայնիվ, ծանուցագիրն ուղարկել։
Նշենք, որ Էմմա Սահակյանը 2012 թվականի հունիս ամսից նստացույց է անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին։ Epress.am֊ը բազմիցս անդրադարձել է Սահակյանի պատմությանը, հարցազրույցներ է վերցրել քաղաքացուց։ Այս տարվա օգոստոսին ՀՔԾ֊ն վարույթ է ընդունել Էմմա Սահակյանի բողոքը, ով նամակ էր գրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով պատժել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին իր նկատմամբ ուժ կիրառած և իրեն Բաղրամյան պողոտայից տեղահանած ոստիկաններին։
Նշենք, որ նախորդ շաբաթ «Ա1+»֊ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակման գործով ՀՔԾ-ում հարցաքննվել էին Epress.am֊ի լրագրողներ Յուրի Մանվելյանն ու Տիգրան Խաչատրյանը։