Home / Տեսանյութեր / Ինչու են Ֆիոլետովո գյուղի բնակիչները դեմ ոսկու հանքի շահագործմանը

Ինչու են Ֆիոլետովո գյուղի բնակիչները դեմ ոսկու հանքի շահագործմանը

Մոլոկաններով բնակեցված Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղի մոտ գտնվող ոսկու հանքի շահագործման դեմ: Իրենց խնդրի մասին համայնքի բնակիչները տեղեկացրել են Համահայկական բնապահպանական ճակատին՝ խնդրելով տեղեկությունը հասցնել ԶԼՄ֊ներին:

Ըստ բնակիչների հաղորդագրության՝ հանքը գտնվում է գյուղի վերջին տանից 300 մետր հեռավորության վրա: Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովը հաստատել է, որ գյուղացիները դեմ են հանքի շահագործմանը, սակայն նա ակցիայի մասին տեղյակ չէր։

Նովիկովի խոսքով՝ հանքի շահագործման վերաբերյալ երկու հանրային լսումներ են եղել, վերջինը՝ դեկտեմբերի 16-ին: Հանքը մտադիր է շահագործել «Գռեյթ ռեդ մեդ» ՍՊԸ-ն, որի ներկայացուցիչները պնդել են, որ հանքը անվնաս կլինի գյուղի էկոհամակարգի համար և հանքում աշխատատեղեր կբացվեն գյուղացիների համար:

«Երկու լսումների ժամանակ էլ գյուղացիները դեմ են արտահայտվել: Պատճառները հստակ են՝ հանքը շահագործվելու է բաց եղանակով։ Բնապահպանները բացատրում են, որ դա վնասակար է: Հանքը գտնվում է այն միակ ճանապարհի վրա, որը տանում է դեպի արոտավայր: Երկրորդ՝ բաց շահագործումը կպղտորի գյուղի աղբյուրները: Գյուղացիները համաձայն չեն։ Աշխատանք կարող է և լինել, բայց մի քանի տարվա համար, իսկ մենք այստեղ միշտ ենք ապրելու»,- ասել է Ալեքսեյ Նովիկովը: