Home / Հայաստան / Պատգամավորը պահանջում է Պերմյակովին առևանգելու առթիվ գործ հարուցել

Պատգամավորը պահանջում է Պերմյակովին առևանգելու առթիվ գործ հարուցել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջում է Գյումրիի սպանության դեպքին վերաբերող մի քանի դրվագով քրեական գործեր հարուցել։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված իր նամակում Փոստանջյանն ընդգծում է, որ քրեական գործերից մեկը պետք է հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, քանի որ, Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած սպանությունների դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ինքնաձիգը և պարկուճները, ըստ նախնական տվյալների, պատկանել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, և տվյալ զենքը ապօրինի դուրս է բերվել ՌԴ֊ի 102-րդ ռազմաբազայից։

Ըստ Փոստանջյանի՝ երկրորդ քրեական հոդվածը պետք է հարուցվի Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով։ Տվյալ դեպքում, պատգամավորի հավաստմամբ, ՀՀ իրավապահ մարմինների, ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության կողմից թույլ են տրվել ապօրինություններ:

Որպես հիմնավորում պատգամավորը նշում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած հետախուզման մեջ գտնվող և սպանությունների կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալել և հանձնել են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին:

«Հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովը, հայ-թուրքական սահմանի մոտից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների վերահսկման ներքո անցնելով շուրջ 17 կիլոմետր, տեղափոխվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազա: Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունը՝ հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին առանց ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ձերբակալելը և առևանգման միջոցով տեղափոխելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի կանխվել, չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ճանապարհները վերահսկվում են և բոլոր գործողությունները կատարվում են համատեղ», ֊ գրել է պատգամավորը:

Փոստանջյանը նաև պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ քր․ օր֊ի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ: