Home / Հայաստան / Թուրքիայում ազգայնականները հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակների վրա

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակների վրա

Թուրքիայում վերջին երեք օրերի ընթացքում հարձակման են ենթարկվել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) 9 վարչական շենքերը մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Տրապիզոնում և Ստամբուլում, ենթադրաբար, ազգայնական խմբերի կողմից, հայտնում է Bianet.org կայքը։

Միջադեպը համընկել է Թուրքիայի Էգե համալսարանի ուսանող Ֆիրաթ Յըլմազ Չակըրօղլուի՝ շաբաթ օրը տեղի ունեցած սպանության հետ․ երիտասարդը, ով ենթադրաբար ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման համակիրն էր, ավելի վաղ վիճաբանություն էր ունեցել քուրդ ուսանողների հետ։

«Մի խումբ «գորշ գայլեր» հանկարծ հարձակվեցին մեզ վրա։ Շենքում կային երկու կանայք ու չորս տղամարդիկ։ [Ազգայնականները] հարձակվեցին նրանց վրա՝ քուրդ ժողովրդին ու Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) դատապարտող կարգախոսներ հնչեցնելով»,֊ Bianet֊ին ասել է կուսակցության՝ Անկարայի վարչության պետի տեղակալ Լոկման Էրգյունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը։

ԺԴԿ֊ն միջադեպի վերաբերյալ բողոք է ներկայացրել Ոստիկանություն, տուժածները ցուցմունք են տվել իրենց վրա հարձակման մասին։

Թեև Ֆիրաթ Յըլմազ Չակըրօղլուի սպանության հետաքննության վերաբերյալ գաղտնիության հրաման է արձակվել, փաստաբան Աթական Գյունգյորը կայքին հայտնել է, որ առնվազն վեց ուսանողներ ձերբակալվել են սպանության, հարձակման ու գույքային վնասի վերաբերյալ մեղադրանքներով։