Ոստիկանության Գյումրի «Մուշ» բաժնի աշխատակիցներին դեռ չի հաջողվել գտնել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող, եֆրեյտոր 25-ամյա Արթուր Աֆյանին։ Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Արմեն Մալխասյանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Արթուր Աֆյանը փետրվարի 21-ին, ժամը 02։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Արթուր Աֆյանը Տավուշի մարզից է, բայց այժմ բնակվում է Գյումրիում, ամուսնացած է, 2 ամսական երեխա ունի։
Զինծառայողի անհետացումից հետո «Ասպարեզ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նա պարտքեր ունի և անհետացումը, գուցե, դրանով է պայմանավորված։
Տավուշի մարզի Հովք գյուղի գյուղապետ Գրիգոր Գևորգյանը, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր համագյուղացին չէր կարող պարտքերի պատճառով անհետանալ․
«Նա շատ կազմակերպված, աշխատող երիտասարդ էր, գյուղում հարգված։ Այսօր ո՞վ պարտք չունի, չեմ կարծում՝ պարտքի համար է»։