Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը, ում լիազորությունները երեկ դադարեցվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, անցյալ տարի երեք քաղաքացիական ակտիվիստների գործերով հօգուտ վերջիններիս և ոստիկանության դեմ դատական ակտեր էր կայացրել։ Ակտիվիստները վճիռներն անսպասելի էին որակել։
Վարչական վարույթները վերաբերում էին 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիներից մի քանիսի և ոստիկանության ներկայացուցիչների միջև երեք վեճերին։
2013 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջով նստացույցի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների։ Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը բերման էր ենթարկվել և 3 ժամ ոստիկանությունում պահվել։ Ոստիկանությունը դատարանում պահանջել էր Մինասյանից 50.000 դրամ բռնագանձել։ Միաժամանակ պատասխանող կողմը հակընդդեմ հայց էր ներկայացրել։ Դատավոր Ռոբերտ Սարգսյանը ոստիկանության գործողությունները ճանաչել էր ոչ իրավաչափ, մերժել բռնագանձման պահանջը և վճռել հօգուտ Մինասյանի բռնագանձել 200.000 դրամ։
Նույն Ռոբերտ Սարգսյանը վճիռ էր կայացրել ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով։ Ոստիկանությունը պահանջել էր Սահակյանից 50.000 դրամ բռնագանձել։ Սարգսյանի վճռով՝ ոստիկանության այս հայցը ևս մերժվել էր, իսկ ակտիվիստի հակընդդեմ հայցը՝ բավարարվել։ Բացի դրանից, դատավորը ոչ իրավաչափ էր ճանաչել ոստիկանության գործողությունները, ինչպես նաև 150 հազար դրամ գումար բռնագանձել՝ hօգուտ Սուրեն Սահակյանի:
Դատավորը մերժել էր նաև Բաբկեն Տեր֊Գրիգորյանի դեմ ոստիկանության հայցը՝ նույնպես անիրավաչափ համարելով ոստիկանության գործողությունները։
Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սարգսյանի լրազորությունների կասեցմանը՝ Սուրեն Սահակյանն ասել է․ «Ռոբերտ Սարգսյանը գոնե իմ համար անակնկալ, ոստիկանության դեմ որոշում կայացրեց։ Ես էլ զարմանում էի, թե եթե ճնշումներ չկան «վերևից», ինչի՞ մնացածը նույն կերպ չեն վարվում…»։
Բաբկեն Տեր֊Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել՝ գուցե Սարգսյանի լիազորությունները կասեցվել են հենց քաղաքացիների օգտին վճիռների՞ պատճառով։