Գլխավոր / Տեսանյութեր / Ուկրաինայի հյուպատոսը խորհուրդ տվեց ՀՀ քաղաքացու հարցով դիմել ՀՀ նախագահին

Ուկրաինայի հյուպատոսը խորհուրդ տվեց ՀՀ քաղաքացու հարցով դիմել ՀՀ նախագահին

ՀՀ քաղաքացի 37-ամյա Էդգար Գևորգյանը երկու տարի առաջ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում կատարված ավազակային հարձակման և երկու հոգու սպանության մեջ մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման: Գևորգյանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը, նրա հարազատները Ուկրաինայի դատարանից և իշխանություններից արդարադատություն են պահանջում, իսկ Հայաստանի իշխանություններից պահանջում են տեր կանգնել ՀՀ քաղաքացուն:

Այսօր Էդգար Գևորգյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ: «Իմ որդուն դատել են առանց որևէ փաստի, ես հավատացյալ կին եմ, եթե ես մի տոկոս կասկածեի, որ որդիս մեղավոր է, լուռ կմնայի: Ես պատրաստ եմ ամեն քայլի»,- դեսպանատան դիմաց հայտարարել է Գևորգյանի մայրը՝ Հասմիկ Վանյանը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի փաստաբան Վահագ Մանուկյանը, Գևորգյանին ոստիկանությունում խոշտանգել են, նրա կողոսկրերը, ականջը ջարդվել է, վնասվել են երիկամները, վնասվածքներն այնքան շատ են եղել, որ Քրեակատարողական հիմնարկը հրաժարվել է նման վիճակով ձերբակալված ընդունել: Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալի դեմ որևէ ապացույց չկա, անցկացվել է 65 փորձաքննություն, սակայն ոչ մեկով Գևորգյանի մեղավորությունը չի հաստատվել, չկան տեսանկարահանումներ, ասում են, իբր տեսախցիկները չեն աշխատել: Փաստաբանը նշել է, որ Գևորգյանի դեմ վճիռ ընդունած դատավոր Ելենա Սելիվանովայի լիազորությունները դադարեցվել են մեկ այլ գործով անօրեն դատավճիռ կայացնելու պատճառով:

Հայաստանում Ուկրաինայի հյուպատոս Վալենտին Կուզիչկինը դուրս է եկել Գևորգյանի հարազատներին ընդառաջ և խորհուրդ տվել նրանց դիմել ոչ թե Ուկրաինայի, այլ Հայաստանի մարմիններին: Նա հայտարարել է, թե գործի նյութերն ուղարկել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն և ավելին անել չի կարող:

«Ես Հայաստանում պաշտպանում եմ Ուկրաինայի քաղաքացիների շահերը: Ձեր որդին ՀՀ քաղաքացի է և ՀՀ իշխանությունների հովանու ներքո է գտնվում: Դիմեք ՀՀ նախագահին, ՀՀ արտգործնախարարություն: Ինչո՞ւ եք եկել այստեղ, ոչ թե ՀՀ նախագահական նստավայր»,- ասել է Կուզիչկինը:

1edgargevorgyan

Դատապարտյալի մայր Հասմիկ Վանյանը Epress.am-ին հայտնել է, որ դիմել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն, նրան պատասխանել են, որ մինչև ՀՀ արտգործնախարարությունից չասեն՝ իրենք չեն կարող օգնել: Կողմը դիմել է Արտգործնախարարություն, երկու անգամ նամակներ է գրել ՀՀ նախագահին, որևէ պատասխան դեռ չկա:

Այսօր Ուկիրանիայի դեսպանատան մոտ ակցիայից հետո Վանյանը գնացել է նախագահական: Նրան նամակաների բաժնում խնդրել են գալ վաղը՝ նամակի պատասխանի հետևից: