Home / Հայաստան / «Թեղուտ»-ին ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր են տվել

«Թեղուտ»-ին ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր են տվել

Կառավարության որոշմամբ՝ «Թեղուտ» ընկերությանը մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր: Այս մասին ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ սարքերն օգտագործվելու են հանքաքարի մշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:

Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մեկնել էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը: Նա նաև մասնակցել է Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Նույն օրը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն անօրինական է։

Բնապահպանները նշել էին, որ Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ: