հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Կոռուպցիոն համակարգի պատճառը․ Հայաստանում հոգեբույժները չեն վերահսկվում

Կոռուպցիոն համակարգի պատճառը․ Հայաստանում հոգեբույժները չեն վերահսկվում

Մեկ ամիս հարկադիր հոգեբուժման ենթարկված, ապա դուրս գրված Ժուլետա Ամարիկյանի բողոքի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ընթացող քրեական գործի շրջանակներում քննիչը նշանակել է հոգեբանական նոր փորձաքննություն: Այս փորձաքննությունը հանձնարարվել է այն նույն փորձագետին, ով երեք տարի առաջ եզրակացություն էր տվել, որ Ամարիկյանը հոգեկան խնդիրներ ունի: 

Ամարիկյանը պնդում է, որ փորձաքննության արդյունքներն իրականությանը չեն համապատասխանում: Կինը բարձրաձայնել էլ հոգեբուժարանում իր նկատմամբ կիրառված անմարդկային վերաբերմունքի մասին և այդ հարցով դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասել է, որ ինքը բացարկ է ներկայացրել՝ միջնորդելով քննությունն այլ փորձագետի մոտ անցկացնել: «Ո՞նց կարող է նույն փորձագետը, որ երեք տարի առաջ եզրակացություն է տվել, հերքել ինքն իրեն, առավել ևս, որ նա հիմա հանձնաժողովի նախագահն է և հանձնաժողովի այլ անդամները անուղղակի կապված են նրա հետ: Մեր բացարկի միջնորդությունը քննիչը մերժել է, դրանից հետո մենք բացարկ ենք հայտնել քննիչին: Այդ միջնորդությունը դեռ դատախազը չի քննել»,- տեղեկացրել է Հայրապետյանը: 

Նրա խոսքով՝ հոգեբույժները ՀՀ օրենսդրությամբ անսահման լիազորություններ են ստանում: 

«Եթե հոգեբույժը կարող է անձին տալ եզրակացություն, որն ամբողջովին կարող է փոխել անձի ճակատագիրը, և այդ հոգեբույժը վերահսկողության չի ենթարկվում, սա բերում է մեծ կոռուպցիոն համակարգի ստեղծման», – հավելել է փաստաբանը: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով ևս զբաղվում է Ամարիկյանի պաշտպանությամբ, տեղեկացրել է, որ հոգեբուժական հաստատությունը դատի է տվել իրենց կազմակերպությանը  և Ջուլետա Ամարիկյանին՝ բարի համբավը արատավորելու համար փոխհատուցում պահանջելով։ 

Տիգրան Հայրապետյանը նշել է, որ իրենք դիմել էին քրեական գործ հարուցելու համար, սակայն դիմումը մերժվել է: 

«Հիմա էլ քաղաքացիական են դիմել: Եթե հոգեբուժարանն ինքն է ընդունում, որ Ժուլետա Ամարիկյանը չի գիտակցում իր գործողությունների բնույթը, ինչպե՞ս է դիմում դատարան՝ իր հիվանդից 300 հազար դրամ գումար պահանջելով: Մենք, փաստորեն, տեսնում ենք մեր հոգեբուժարանների խնամքը հիվանդների նկատմամբ»,- ասել է Հայրապետյանը: