Home / Հայաստան / Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետը

Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետը

Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։

Ապրիլի 22-ին ՀՔԾ֊ն հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին հիշյալ գիտական կենտրոնի բակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր։

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: «Ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, իսկ Արման Ս.-ն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ: Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, ֊ ասված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:

Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, ով հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: