Ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին, ով հայտնի է Պալաչ մականվամբ, և նրա ընկերներին: Այս մասին գրում է Armtimes.am֊ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Այս ամենն արել են շատ տարօրինակ ձևով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները»,֊ հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը զանգահարել էր Պալաչին և հայտնել, որ նրան հեռացնում են ՀՀԿ-ից։
Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին։
Արթուր Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն այժմ վերջինիս հետ խնդիրներ ունի։
Լուսանկարը՝ News.am-ի