Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող երկրների տարաձայնություններն այսօր հարթվել են, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
Փակ դիվանագիտական դռների հետևում լուրջ քննարկումներ էին ընթանում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստի մի քանի կետերի շուրջ:
Երեկ եզրափակիչ փաստաթղթի եզրույթներից մեկի շուրջ վիճաբանություն էր ծագել, մասնավորապես՝ Հայաստանը և Բելառուսը դեմ էին արտահայտվել «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին և կարծում էին, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չպետք է լինի վերջնական փաստաթղթում: Այդ մասին երեկ իր ելույթում ակնարկել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչպես նշում է «Ազատությունը», այսօր պարզվել է, որ որևէ առարկություն չկա, և այդ եզրույթը մնում է փաստաթղթում, որովհետև այն վերաբերում է ոչ թե Արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին, իսկ քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, ապա որևէ ազդեցություն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթին:
Այդ իմաստով, կարծես թե հնարավոր է եղել հարթել այդ տարաձայնությունը, ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Բարեբախտաբար, Ռիգայում բանակցությունները ներդաշնակ են ընթանում, և մենք կկարողանանք համաձայնել համատեղ հռչակագրի շուրջ, որտեղ հստակ պետք է լինի, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի: Սա Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր դիրքորոշումն է», – ասաց Մերկելը:
«Ազատությունը» նշում է, որ Ադրբեջանը նույնպես առարկություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ձևակերպումների առնչությամբ:
Փաստաթղթի նախագծում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ Եվրամիությունը աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա: Միջազգային իրավունքի որևէ սկզբունք առանձնացված չէր փաստաթղթում՝ ոչ տարածքային ամբողջականության և ոչ էլ ինքնորոշման: Սակայն հետագայում հաջողվել է հարթել այդ բոլոր տարաձայնությունները, և տեքստը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, մնացել է նույնը: