Home / Հայաստան / Դատարանները տարիներ շարունակ հակասահմանադրական վճիռներ են կայացրել քաղաքացու դեմ

Դատարանները տարիներ շարունակ հակասահմանադրական վճիռներ են կայացրել քաղաքացու դեմ

Սահմանադրական դատարանը երկրորդ վճիռն է կայացրել քաղաքացի Վարդան Խաչատրյանի օգտին՝ ճանաչելով, որ ՀՀ դատարանը խախտել է նրա սահմանադրական իրավունքները՝ մերժելով բարոյական վնասի փոխհատուցում տրամադրելու մասին հայցը։

Ինքը՝ Վարդան Խաչատրյանը, մահացել է 2013 թվականին, և այժմ դատական հայցերով զբաղվում է նրա որդին՝ Արթուր Խաչատրյանը, ով իրավահաջորդ է ճանաչվել։ Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշել է, որ ՍԴ֊ի որոշումը հիմք ընդունելով՝ իրենք փոխհատուցման պահանջով դիմել են Վճռաբեկ դատարան, և գործն ընդունվել է վարույթ:

Նշենք, որ Վարդան Խաչատրյանը 2008 թվականին դիմել էր առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերանայել 2003թ. ապրիլի 7-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» իր դեմ կայացված դատարանի որոշումը՝ հիմնվելով «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի վրա։

Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանները մերժել են վերանայման հայցը՝ պատճառաբանելով, թե դիմողը որպես հիմք մատնանշել է ՄԻԵԴ-ի վճիռը, որով արձանագրվել է ոչ թե կոնկրետ Խաչատրյանի, այլ մեկ այլ անձի իրավունքի խախտման փաստը: Այս պատճառաբանությունը Սահմանադրական դատարանի կողմից բեկանվել էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր իրավաբանական ուժ ունեն ՀՀ տարածքում:

Այնուհետև Խաչատրյանը դիմել էր առաջին ատյանի դատարան՝ դատական ծախսերի փոխհատուցում պահանջելով, ինչպես նաև բարոյական փոխհատուցում պահանջելով դատական քաշքշուկների մեջ ընկնելու համար։ Հայցվորի առաջին պահանջը դատարանը բավարարել էր, իսկ երկրորդ պահանջը մերժել էին ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները։

Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր նույն հայցը վարույթ ընդունել՝ համաձայնելով Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների հետ։ Վճռաբեկը նշել էր, որ, ի տարբերություն նյութական վնասի, բարոյական վնասը ՀՀ օրենսդրությունում չունի իր կարգավորումը:

Խաչատրյանի կողմը կրկին դիմել է ՍԴ՝ բարոյական վնասի համար փոխահատուցում չտրամադրելը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, և դարձյալ շահել գործը։

Զեյնալյանը նշել է, որ միայն ՍԴ֊ի որոշումը բավարար է, որպեսզի այժմ Վճռաբեկ դատարանը բավարարի իրենց բողոքը, բայց դրական արդյունքի համար նպաստավոր պայման է ստեղծվել նաև այն պատճառով, որ այս ընթացքում ընդունվել են բարոյական վնաս տրամադրելու մասին իրավակարգավորումներ։

ՀՀ Ազգային ժողովը 2014թ. մայիսի 19-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում փոփոխություններ և լրացումներ է կատարել, որոնցով ոչ նյութական վնասը ամրագրվել է որպես վնասի տեսակ, իսկ «ոչ նյութական վնաս» հասկացությունը սահմանվել որպես «ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ»:

Այժմ Վարդան Խաչատրյանի որդին սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը։