Home / Հայաստան / Ընտրություններից առաջ Էրդողանը հիշել է հայերին, նույնասեռականներին, լրագրողներին

Ընտրություններից առաջ Էրդողանը հիշել է հայերին, նույնասեռականներին, լրագրողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունիսի 7֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, շարունակում է հարձակումներն իր քննադատների, այդ թվում՝ լրագրողների, հայերի ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ՝ նրանց մեղադրելով Ժողովրդա֊դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) սատարելու մեջ, հայտնում է «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։

«[ԺԴԿ֊ի] ամենամեծ դաշնակիցը «Դողան Մեդիա»֊ն է։ Հայկական լոբբին, նույնասեռականներն ու բոլոր նրանք, ովքեր հավատում են ալևիզմին առանց Ալիի, խռովություն հրահրող այս բոլոր մարդիկ ԺԴԿ֊ի դաշնակիցներն են»,֊ հունիսի 3֊ին ասել է Էրդողանը։

Արդյո՞ք քրդամետ Ժողովրդա֊հանրապետական կուսակցությունն ի վիճակի կլինի ընտրությունների ժամանակ անցնել ձայների 10 տոկոսանոց շեմը․ սա երկրում վերջին ժամանակներում շահարկվող գլխավոր հարցն է, որից կախված է՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանում քանի տեղ կզբաղեցնի։

Չորեքշաբթի Էրդողանը հերթական անգամ հնչեցրել է նաև միջազգային ԶԼՄ-ների դեմ իր՝ մշտապես խստացող հռետորաբանությունը. «[ԺԴԿ֊ն] ստացել է նաև որոշ օտարերկրյա լրատվամիջոցների աջակցությունը, որոնք Թուրքիան տեսնում են որպես իրենց գաղութ»:

Թուրքիայի նախագահը, առանց ԱԶԿ֊ի անունը նշելու, ասել է՝ «բոլորը պետք է գնան ու քվեարկեն իրենց հավանած կուսակցության օգտին»։