Երեկ երեկոյան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Բաղրամյան պողոտայում լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարեց, որ միանշանակ չի կարող պնդել, թե ոստիկաններն են հունիսի 23-ին առգրավել ու ջարդել լրագրողների տեսախցիկների հիշողության քարտերը (չիպերը)՝ քննություն է ընթանում։
Պողոսյանի ցինիկաբար ստելուց մի քանի ժամ առաջ Epress.am֊ի 3 ներկայացուցիչներին՝ ինձ և հունիսի 23-ին տուժած երկու օպերատորներին՝ Տիգրան Հակոբյանին, ումից ոստիկանը մահակով գլխին հարվածելուց հետո խլել էր ֆլիպի չիպը, և Տիգրան Խաչատրյանին, ումից խլել էին տեսախցիկը, շատ ջերմ ընդունեցին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքում, որտեղ տեղակայված է իրենց լրատվության վարչությունը։ Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը զանգել էր, տեղեկացրել, որ կարող ենք մեր տեսախցիկը ոստիկանությունից վերցնել։
Տեսախցիկը հունիսի 23-ի առավոտյան խլել էին Տիգրան Խաչատրյանի ձեռքից ու շպրտել Ազատության հրապարակի մուտքի մոտ գտնվող ծառի տակ։ Տիգրանը հույս ուներ, որ այն կարող է վնասված չլինի, քանի որ պատյանով է եղել։
«Դո՞ւք եք Տիգրանը, բարև Տիգրան ջան», ֊ ասաց Մալխասյանը՝ ձեռքը մեկնելով Խաչատրյանին, ապա մեզ։ Սենյակում պատյանով տեսախցիկը մեզ տվեց ու կատարվածի համար ներողություն խնդրեց։
Մինչ Տիգրանը միացնում էր տեսախցիկը, ես հարցրեցի՝ արդյոք կարիք չկա արձանագրություն կազմելու, ինչին Մալխասյանը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, ուղղակի վերցրեք»։
«Իսկ գիտե՞ք՝ նյութերը ջնջել են միջից, ո՞վ է արել», ֊ ևս մեկ հարց տվեցի։ Մալխասյանը կարճ պատասխանեց, թե իրենց էդ վիճակում են տվել, ինքը տեղյակ չէ։
Տեսախցիկը, իհարկե, մաքուր֊մաքուր էր, ոչ մի նկարահած կադր չէր պահպանվել։ Անցել էր «հոգատար» մասնագետի ձեռքով, անգամ մենյուն, որը նախկինում միշտ անգլերեն էր եղել, հիմա ռուսերեն էր։
Վերջին հարցը տվեցի․ «Իսկ չիպերը չե՞ն վերադարձնում, տեղյա՞կ եք»։ Ոստիկանության աշխատողը պատասխանեց․ «Իրանք են վերցրել, մենք չգիտենք», հետո կրկին ներողություն խնդրեց ու հաջողություն մաղթեց։ Ովքեր էին «իրանքը» չհարցրեցի։
Թե Հակոբյանը, թե Խաչատրյանը պատմել էին, ինչպես էին այդ օրը ոստիկանները միտումնավոր խլում սարքերը ու ջարդում չիպերը, դա ակնհայտորեն ծրագրված գործողություն էր։ Հունիսի 23-ին Epress.am֊ի համար աշխատող 4 մարդկանցից 3-ն այդ օրը սարքեր ունեին, երկուսի չիպերն էին հանել, տեսախցիկն էլ բռնագրավել ու մաքուր վերադարձրել։ Ի գիտություն Հունան Պողոսյանի (թեև նա, իհարկե, դա շատ լավ գիտի, ինքն է հրաման տվողներից եղել), ոստիկանները չեն էլ թաքցրել, որ տեսանկարահանող սարքերի հետևից հատուկ որս է ընթանում. երբ Հակոբյանին հարվածելով ու հայհոյելով, ապօրինի կերպով ոստիկանական «Գազել» են նստեցրել, նա պահանջել է իր ֆլիպը, իսկ ոստիկանները չիփը հանել են, ու սարքը նետել են մեքենայի մեջ։ Ամեն ինչ արվել է բացեիբաց, անթաքույց, հատուկ ցինիզմով ու դաժանությամբ․ նույնքան դաժանորեն այդ օրը ոստիկանները գետնով քարշ էին տալիս կանանց ու աղջիկներին ու նրանց հայհոյում։
Հիմա փորձում ենք, այնուամենայնիվ, վերականգնել ջնջված կադրերը։ Տեսախցիկը մասնագետներին ենք տվել, ասում են ինչ֊որ ծրագրեր կան, բայց հույսն էլ քիչ է, որովհետև ոստիկաններն էլ, հավանաբար, այդ գործը լուրջ մասնագետներին են հանձնարարել, նրանք էլ ձեռքից եկածն արել են։
Որպեսզի պատմության մեջ չմնա, թե ինչպես էր Epress.am֊ի տեսախցիկը նկարահանել, որ ՀՀ ոստիկանության աշխատողները մահակներով դաժանորեն ծեծի են ենթարկում ցուցարարի, ինչպես է այդ պահին ոստիկաններից մեկը վահանով փակում տեսախցիկի «աչքը», ինչպես է ջրցան մեքենան թռցնում մարդկանց, ինչպես են արդեն փախուստի դիմող նստացույցի մասնակիցներին հետապնդում ու անընդհատ հարվածներ հասցնում գլխներին, ինչպես են 10 հոգով «վնասազերծում» մոտ 25 տարեկան մի աղջկա՝ շապիկը քաշելով, հայհոյելով ու «կայֆավատ» լինելով։ Ինչպես են ոստիկանները առնաձնահատուկ ագրեսիվությամբ ու կատաղությամբ դա անում։ Ինչպես են հաճույք ստանում մարդկանց վնասվածքներ հասցնելուց։ Լավ է գոնե, որ քիչ ու միչ, բայց նման կադրեր գոնե մեր կոլեգաների մոտ պահպանվել էին։ Թեև ինչքան տեսանյութեր էլ ոչնչացվել են։ Կամ էլ պահվել են ոստիկանության արխիվում՝ ի հիշատակ հետքի, որն այժմ փորձում են ջնջել։
Արմեն Մ․