Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների առթիվ հարուցված քրեական գործով 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ) մեղադրանք է առաջադրվել Սեյրան Խաչատրյանին։ Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է։
Համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 2-ի վիճաբանության ժամանակ Սեյրան Խաչատրյանն այլ անձանց թվում ևս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Հունիսին նույն գործով մեղադրանք էր առաջադրվել ևս 4 անձի։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 2-ին Մուշեղ և Հարություն Զաքարյաններին ծեծի են ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ընկերների հետ։ Խաչատրյանին, սակայն, առ այս պահը մեղադրանք չեն առաջադրել և չեն ձերբակալել։
Նշենք, որ Մուշեղ Զաքարյանը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, մինչդեռ նրա եղբայրը, համաձայն դատաբժշկական փորձաքննության, ծանր վնասվածքներ է ստացել։ Ավելի վաղ Հարություն Զաքարյանը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ միջադեպի հետևանքով ինքը կորցրել է աջ աչքի տեսողությունը, իսկ մյուս աչքի տեսողություն վատացել է 40 տոկոսով։