Home / Տեսանյութեր / Քննիչն ու փորձագետները սուտ ցուցմունք են տվել․ փաստաբանի դեմ քրգործը կարճվել է

Քննիչն ու փորձագետները սուտ ցուցմունք են տվել․ փաստաբանի դեմ քրգործը կարճվել է

Քննչական կոմիտեն կարճել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ քննիչի գործողություններին խոչընդոտելու մեղադրանքով սկսված քրեական գործը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի դեմ քրեական գործ էր հարուցվել «3 անգամ իր պաշտպանյալ Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունները խափանելու և փորձաքննության նիստերից մեկի ժամանակ փորձագետներին սադրիչ հարցեր տալու» հիմքով:

Ժուլետա Ամարիկյանը պնդում է, որ որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում և բնակարանային վեճի պատճառով է բուժման ենթարկվել: Նա կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր պահանջել՝ անկախ մասնագետների մասնակցությամբ:

Ամարիկյանի փաստաբանի դեմ հարուցված գործը կարճելու համար քննիչը երկու հիմնավորում է ներկայացրել. նա նշել է, որ Հայրապետյանը նպատակ չի ունեցել քննիչի գործողություններին խոչընդոտել և նրա հարցերը հանձնաժողովի անդամներին շատ տրամաբանական էին ու ճիշտ:

Երկրորդ հիմնավորմամբ քննիչը նկատել է, որ որևէ մասնագիտական փորձաքննություն քննչական գործողություն չէ, ուստի ոչ մի դեպքում փորձաքննության ընթացքի որևէ դրվագ չի կարող համարվել քննչական գործողության խոչընդոտում:

Հայրապետյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում Ժուլետա Ամարիկյանի գործով քննիչն ու 4 փորձագետները սուտ ցուցմունք էին տվել:

«Քննիչն ու չորս փորձագետներն ասել են, որ իբր ես մտել եմ 15 րոպե ուշացումով և փորձագետներից մեկն ասել է, որ արդեն պարզ է ժուլետա Ամարիկյանի վիճակը, և ես սխալ եմ հասկացել՝ մտածելով, որ եզրակացությունն արդեն կարող է տրվել և սկսել եմ բարկանալ: Իրականում, ես ունեմ ձայնագրություն, որտեղ լսվում է, որ հանձնաժողովի նախագահն ասում է՝ արդեն պարզ է հիվանդի վիճակը, պարոն քննի՛չ, մենք արդեն կարող ենք եզրակացություն տալ: Հռետորական հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ 5 վկաները՝ քննիչն ու փորձագետները, նույն ցուցմունք տվեցին, որը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Տիգրան Հայրապետյանը:

Ավելի վաղ իրավապաշտպանները դատապարտել էին փաստաբանի դեմ հարուցված գործը՝ կոչ անելով կարճել այն: