Դատավոր Արմեն Բեկթաշյանը չկարողացավ շարունակել Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը՝ անգամ նրանից հետո, երբ մեղադրյալի աջակիցներին թույլ չտվեցին դահլիճ մտնել։
Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում։ Այսօր, երբ պետք է հրապարակվեր գործով վճիռը, Կյուրեղյանին դարձյալ դատարանի դահլիճ չէին բերել․ նիստերից մեկի ժամանակ նա հեռացվել էր դահլիճից դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից՝ դատարանում նստած խոսելու և դատավորի՝ դահլիճ մտնելու ժամանակ չկանգնելու համար:
Այսօրվա նիստին Կյուրեղյանի մոտ երկու տասնյակ աջակիցներ դեռևս մինչև դատավորի՝ դահլիճ մտնելը սկսել են վանկարկել «Ազատություն Հայկ Կյուրեղյանին»։ Բեկթաշյանը նիստը սկսել է 25 րոպե ուշացումով։ Երբ դատավորը սկսել է ցածր ձայնով ինչ֊որ տեքստ ընթերցել, ներկաները պահանջել են բարձր խոսել։ Բեկթաշյանը հակադարձել է, թե խոսափողը չի աշխատում, սակայն այդ պատասխանը չի գոհացրել Կյուրեղյանի աջակիցներին, ովքեր շարունակել են գոռալ «Բարձր խոսա»։
Նյարդայնացած դատավորը 5 րոպե ընդմիջում է հայտարարել, իսկ դահլիճից դուրս գալուց առաջ պահանջել է, որ ամենաակտիվ գոռացողներից մեկը նույնպես լքի դահլիճը։ Կարգադրիչները խնդրել են բոլոր ներկաներին ընդմիջման ընթացքում դուրս գալ դահլիճից, սակայն մարդիկ չեն հեռացել։ 5 րոպե անց մարդիկ սկսել են բողոքել, որ օդորակիչները միացված չեն, դատավորը չի վերադառնում դահլիճ։ Նիստին ներկա «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանն էլ հարցրել է մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանին՝ արդյոք վերջինս գիշերները լավ է քնում Կյուրեղյանի համար 14 տարի պահանջելուց հետո։
«Դատախազ, խիղճդ չի՞ տանջում», ֊ ասել է Սարուխանյանը։
Մեղադրող դատախազը չի պատասխանել և մի քանի վայրկյան անց արագ դուրս է եկել դահլիճից, երբ կարգադրիչները հայտարարել են, թե տեխնիկական խնդիրների պատճառով նիստը տեղափոխվում է մեկ այլ դահլիճ։
«Մեկ այլ դահլիճը»՝ համար 1-ը, ամենափոքրն է Կենտրոնի և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում։ Կյուրեղյանի աջակիցները պնդել են, որ դատավորը միտումնավոր է այդպիսի որոշում կայացրել, որպեսզի զրկի իրենց նիստին ներկա լինելու հնարավորությունից։ Այդպես էլ ստացվել է․ կարգադրիչները միայն լրագրողներին են ներս թողել՝ պնդելով, որ տեղ չկա և այլ անձիք նիստին ներկա լինել չեն կարող։ Մարդիկ, սակայն, հավաքվել են դահլիճի դռան մոտ, թույլ չեն տվել, որպեսզի կարգադիչները փակեն այն, ու շարունակել են ամոթանք տալ դատավորին ու դատախազին։ Պարբերաբար Կյուրեղյանի աջակիցները վանկարկում էին «Հայկ, Հայկ»։
Մի պահ կարգադրիչները փորձել են հրելով մարդկանց հեռացնել մուտքի մոտից ու փակել դահլիճի դուռը, սակայն Կյուրեղյանի աջակիցները, իրենց հերթին, սկսել են հրել կարգադրիչներին, ու վերջիններս չեն կարողացել իրականացնել մտադրությունը։ Այդ պահին դատավորը, տեսնելով, որ չի կարողանում նիստը շարունակել, հայտարարել է, որ այն հետաձգվում է մինչև ժամը 15։00-ն։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Համաձայն հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի, գործի քննության և դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են գրանցվել, մասնավորապես չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո: