Home / Հայաստան / Լրագրողների՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը պետք է ամրագրել օրենքով․ օմբուդսմեն

Լրագրողների՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը պետք է ամրագրել օրենքով․ օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առնձնացված 168 համակարգային խնդիրներից 60-ն օրենսդրական խնդիրներ են: Այսօր ՄԻ պաշտպանի տարեկան հաշվետվությունը ԱԺ֊ում ներկայացնելով՝ այս մասին ասել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Նա նշել է, որ  խնդիրներից մեկը վերաբերում է հարկային բլոկին: Հաճախ տնտեսվարող սուբյեկտի  բնականոն աշխատանքը խոչընդոտվում է ստուգումն իրականացնողի կողմից՝ վերջինիս իրերը վերցնելու դեպքում, որի պատճառը օրենսդրության մեջ հստակ չափանիշների բացակայությունն է:

«Ընդամենը պետք է սահմանել՝ որ դեպքում է իրեր վերցնելը խոչընդոտում տնտեսվարողի բնականոն աշխատանքին: Կարող են գալ, վերցնել ամենակարևոր իրը, մարդը նույնիսկ չկարողանա հարկային պարտականությունները կատարարել»,- ասել է ՄԻՊ-ը:

Խնդիրների թվում Անդրեասյանը մատնանշել է լրագրողների կողմից տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը։ Նա վստահ է, որ  նման իրավունքը պետք է ամրագրվի օրենսդրությամբ: Մինչդեռ ներկայում լրագրողները, աղբյուրը չբացահայտելու դեպքում, կարող են դատարանի առջև կանգնել։

«Քննիչները հաճախ խուզարկություն իրականացնելիս չեն տրամադրում բնակարանում խուզարկության մասին դատարանի որոշումը՝ պատճառաբամելով, որ պարտավոր չեն: Անհրաժեշտ է քրեական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխությունը»,- մեկ այլ խնդրին անդրադառնալով՝ ասել է Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ պետք է փոփոխել նաև քրեական դատավարության մասին 140-րդ հոդվածը, որպեսզի պետության կողմից հոգածություն ստանան այն երեխաները, ծերերը, ում խնամալակները գնտվում են կալանքի տակ: