Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը կզբաղվի Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությամբ։ Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, ոստիկանությունում ստուգողական գործողություններ կիրականացնեն:
Իրավապահ մարմիններին հետաքրքրել է Զուրաբյանի հետևյալ արտահայտությունը․ «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, և մենք փաստեր էլ ունենք…»
Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ կարձագանքի դեպքին, երբ լինի դրա անհրաժեշտությունը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Զուրաբյանի քաղաքական հայտարարությանն իրավական ընթացք տալը ճնշում է ընդդիմության նկատմամբ․ «Խոշոր հաշվով Սահմանադրությունը հստակ պատգամավորին ազատում է քաղաքական գործունեության հետ կապված խնդիրներից, իսկ սա, բնականաբար, քաղաքական բնույթի է, ուստի ընդամենը, կարծում եմ, «սև փիառ» անելու համար է»:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսացկությունները դեմ են հանդես գալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որոնք ընդունելու դեպքում Հայաստանը խորհրդարանական կառավարման կանցնի։