«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի մասնակցի իր հայտարարության առթիվ Ոստիկանությունում սկսված քննությանը, քանի որ իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն չունի։ Այս մասին նա նշել է տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Ոստիկանությունը զբաղվելու է Զուրաբյանի հայտարարությամբ այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծին։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը նամակ է հղել Զուրաբյանին՝ խնդրելով կաշառք տալու փաստերը տրամադրել ոստիկանությանը: Իր պատասխան հայտարարության մեջ պատգամավորը հայտնել է, որ բացարձակ անվստահություն ունի ոստիկանության, դատախազության և քննչական մարմիների նկատմամբ, որոնք նախկինում բազմիցս ապացուցել են՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերում առաջնորդվել են կոռումպացված ռեժիմի ցուցումներով:
Պատգամավորը նշել է, որ նախկինում իր և խմբակցության կողմից կոռուպցիայի, չարաշահումների դեպքերի, Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել իրավապահ մարմիններին, որոնք, ճշմարտությունը բացահայտելու փոխարեն, հանձն են առել քաղաքական իշխանությունների պահապանի դերը և կոծկել են այդ հանցագործությունները:
«Ձեր նամակն էլ ցույց է տալիս, որ դատախազության և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գործողությունները զուրկ են իրավական որևէ հիմքից և հետապնդում են բացառապես իշխանության քարոզչական նպատակները: Նման ներկայացումներին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ», – ասվում է Զուրաբյանի նամակում: