հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արվեստագետը հրդեհել է ՌԴ Անվտանգության ծառայության շենքի դուռը

Արվեստագետը հրդեհել է ՌԴ Անվտանգության ծառայության շենքի դուռը

Մոսկվայում իրավապահները բերման են ենթարկել նկարիչ Պյոտր Պավլենսկուն՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի՝ Լուբյանկայի վրա գտնվող գլխավոր մուտքը հրդեհելու փորձի համար։ Արվեստագետը մեղադրվում է մանր խուլիգանության մեջ։ Նրա կնոջ՝ Օքսանա Շալիգինայի խոսքով, դուռն այրելը «գեղարվեստական ակցիա» էր։ Նկարիչը դեպքի վայր է ժամանել՝ բենզինով լի տարան ձեռքին, լցրել վառելանյութը դռան վրա ու այրել այն։ Պավլենսկին ակցիայի վայրից թաքնվելու փորձ չի կատարել։

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նկարչից բացի, Լուբյանկայի տարածքից բերման են ենթարկվել նաև «Դոժդի» լրագրող Վլադիմիր Ռոմենսկին ու ֆրիլանս լրագրող Նիգինա Բերոևան։ Լրագրող Սերգեյ Պոնոմորյովի խոսքով՝ Ռոմենսկին ու Բերոևան ոստիկանության բաժին են հրավիրվել «որպես վկաներ», իսկ ակցիայի վայրում գտնվել են որպես լուսաբանողներ։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեևը «Թվիթերի» իր էջում գրել է, որ «ԱԴԾ֊ի գլխավոր շենքի դռները մասամբ այրված են կամ պատված մրով», իսկ գետնին «կրակմարիչի սպիտակ հետքեր են»։ Ինքը՝ Պավլենսկին, արդեն տեղադրել է ակցիայի տեսանյութը։

Պյոտր Պավլենսկին նախկինում դատվել է 2014֊ին անցկացված «Ազատություն» ակցիայի համար, որի ընթացքում ակտիվիստները բարիկադներ էին կառուցել Սանկտ Պետերբուրգի կենտրոնական կամուրջներից մեկի վրա ու անվադողեր հրդեհել։ Նկարիչն անցկացրել է բազմաթիվ այլ ակցիաներ, այդ թվում՝ կարել բերանն ու փաթաթվել փշոտ մետաղալարով Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի շենքի դիմաց։

Լայն հրապարակայնության էր արժանացել նաև Պավլենսկու մեկ այլ ակցիան, որի ընթացքում նկարիչն իր ամորձապարկը մեխել էր Կարմիր հրապարակի քարե սալահատակին։ Նախորդ տարվա հոկտեմբերին Պավլենսկին Մոսկվայի Սերբսկու անվան հոգեբուժական ինստիտուտի ցանկապատի վրա մերկ նստած կտրել է իր ականջի բլթակը։