Home / Հայաստան / Ռուսական «մեղմ ուժի» դերակատարները Հայաստանում

Ռուսական «մեղմ ուժի» դերակատարները Հայաստանում

Հոդված՝ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում և նրա ազդեցության գործիքները

Հեղինակ՝ Արմեն Վարդանյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ

ԽՍՀՄ փլուզումից հետո սկզբնական շրջանում մի շարք օբյեկտիվ գործոններով պայմանավորված` Ռուսաստանը պարփակվել էր իր ներքին խնդիրներում: Ծանր տնտեսական վիճակի, երկրի ներսում անկայուն ներքաղաքական դրության հետևանքով այդ երկիրն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել էր ներքաղաքական հարցերի վրա և չէր ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի ազդեցության գոտի համարվող հետխորհրդային տարածք ներթափանցման փորձեր կատարող այլ ուժային կենտրոնների և տարածաշրջանային տերությունների հետ: Սակայն 1990-ական թվականների վերջերին Ռուսաստանը հաղթահարեց համակարգային քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչի շնորհիվ բռնեց հզորացման ուղի և ձեռնամուխ եղավ նախկին ազդեցության գոտիները վերականգնելուն: Ռուսաստանի համար ռազմավարական խնդիր դարձավ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի և մի շարք տարածաշրջանային տերությունների մուտքը հետխորհրդային տարածք սահմանափակելը: 

1990-ական թվականների վերջերից սկսած` Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային տարածքում իր կորցրած դիրքերը վերականգնելու համար` կիրառելով ազդեցության տարբեր գործիքներ, հաճախ միջոցների առջև խտրականություն չդնելով: Մասնավորապես, Կրեմլն օգտագործում է միջազգային քաղաքականության մեջ լայնորեն կիրառվող ինչպես «կոշտ ուժ»-ի (hard power), այնպես էլ «մեղմ ուժ»-ի (soft power) գործիքներ: Որպես «hard power» կիրառելու օրինակներ կարելի է նշել շանտաժը, սպառնալիքները, պատերազմ վարելը (օրինակ, Դոնբասում), պետությունների ներքին գործերին խառնվելը, երկրների ներքին իրավիճակն ապակայունացնելը, որոնք իրականացվում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Բացի «hard power»-ի օգտագործումից Ռուսաստանը վերջին տարիներին մեծ տեղ է հատկացնում ժամանակակից, միջազգային քաղաքականության մեջ համատարած կիրառվող «soft power»-ին: Ընդ որում, եթե «hard power»-ի կիրառումը կրում է առավելապես ոչ բացահայտ և անուղղակի բնույթ, ապա «soft power»-ի կիրառումն ունի լեգիտիմ բնույթ, որի մասին բացահայտորեն խոսում են նաև Ռուսաստանի իշխանությունները: Այն ներառված է նաև ՌԴ ռազմավարական մի շարք փաստաթղթերում և հայեցակարգերում: Մոսկվան իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս «soft power» է կիրառում այլ երկրներում Ռուսաստանի և նրա աշխարհաքաղաքական շահերի համար ստեղծված ԵՏՄ-ի նկատմամբ դրական իմիջ ձևավորելու, իր ազդեցության գոտի համարվող երկրներում ռուսաց լեզվի և մշակույթի դերը բարձրացնելու, այդ երկրներում ռուսամետ բնակչություն ունենալու համար: 

Այդ «առաքելությունը» սովորաբար իրականացնում են Կրեմլի կամ մերձկրեմլյան շրջանակների կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները, ԶԼՄ-ները, ռուսաց լեզվի և մշակույթի տարածման կենտրոնները, համալսարանները և այլն: Արտերկրում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի տարածման, Ռուսաստանի դրական իմիջի ձևավորման գործում հատկապես ակտիվ են Ռուսաստանի ԱԳՆ-ին կից «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունը, Միջազգային հարցերով ռուսական խորհուրդը, Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամը, «Ռուսական աշխարհ» հիմնադրամը և այլն: Այս կազմակերպությունները ներկայացուցչություններ ունեն աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանում, որտեղ տարածում են ռուսաց լեզուն և մշակույթը, կազմակերպում են հանրային դիվանագիտության դպրոցներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն:

Հայաստանում, բացի վերոնշյալ կազմակերպություններից, ռուսաց լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ աշխատանքներ են կատարում նաև մի շարք այլ, տեղական կազմակերպություններ: Մասնավորապես, 2012թ. Ռազմավարական զարգացման ինստիտուտի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացվել են ռուսաց լեզվի և մշակույթի անվճար ուսուցման կենտրոններ: Այժմ Հայաստանում գործում են 100-ից ավելի այդպիսի կենտրոններ, որտեղ աշխատում են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 300 ուսուցիչներ: Պետք է նշել նաև «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը, որի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստանում հաճախակի են կազմակերպվում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր, ռուսական երգի լավագույն կատարման, ռուսաց լեզվով լավագույն շարադրության և այլ մրցույթներ: Չբավարարվելով այդքանով` Աբրահամյանը վերջերս հայտարարեց մոտ ապագայում Հայաստանում կուսակցություն հիմնադրելու ցանկության մասին, որը պետք է մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին: Ակնհայտ է, որ այս կուսակցությունը ստեղծվում է Մոսկվայի շահերի սպասարկման համար, որով Կրեմլը էլ ավելի կուժեղացնի իր քաղաքական ներկայությունը հայաստանյան քաղաքական դաշտում: 

Արտասահմանյան երկրներում ռուսաց լեզվի տարածման և ռուսական մշակույթի ուսումնասիրության գործում մեծ դեր են խաղում նաև ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների արտասահմանյան մասնաճյուղերը: Վերջին տարիներին Մոսկվան այս ուղղությամբ ևս դիրքերն առավել ամրապնդելու համար իրականացնում է ակտիվ գործողություններ: Մասնավորապես, հետխորհրդային մի շարք երկրներում բացվում են ռուսական համալսարաններ: Օրինակ, Հայաստանում, չնայած նրան, որ գործում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը և ռուսական յոթ բուհերի մասնաճյուղեր, և որ այդ հաստատություններում սովորում են մոտավորապես 3.5 հազար ուսանողներ, 2015թ. սեպտեմբերին բացվեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, իսկ շուտով նախատեսված է ռուսական գիմնազիայի բացումը: 

Վերջին տարիներին Ռուսաստանն զգալիորեն ուժեղացրել է նաև գործունեությունը հանրային դիվանագիտության ոլորտում, ինչը նույնպես «soft power»-ի կիրառման դրսևորում է: Դա նշանակում է, որ բացի կրթօջախներից, ռուսաց լեզվի և մշակույթի տարածման կենտրոններից, արտերկրում Ռուսաստանի իմիջի բարձրացման, Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ ամրապնդման գործում որոշակի գործողություններ են իրականացնում նաև առանձին քաղաքական և մշակութային գործիչներ, ՌԴ սուբյեկտների ղեկավարներ, որոնք, այցելելով տարբեր երկրներ, փորձում են բարենպաստ կերպով ազդել տվյալ հասարակութան և քաղաքական էլիտայի վրա: Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ միջավայր ստեղծելու հարցով զբաղվող հասարակական կազմակերպություններից պետք է առանձնացնել «Հայ-ռուսական միավորում» կազմակերպությունը, «Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը», «Ռուսաստանի հայերի միության» Հայաստանի մասնաճյուղը, «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցման տարածաշրջանային հասարակական շարժումը» և այլն: Ընդ որում, պետք է նշել, որ Ռուսաստանում գործում են նաև բազմաթիվ հիմնադրամներ և ՀԿ-ներ, որոնց նպատակը ԵՏՄ անդամ երկրներում այդ միության մասին բարենպաստ տեղեկատվություն տրամադրումն է: Այդպիսի կազմակերպություններից են` «Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը», «Եվրասիական ինֆորմացիոն լիգան», «Ռոսսոտրուդնիչեստվոն», «Ռուսական աշխարհ» հիմնադրամը և այլն։

Այդ կազմակերպությունները ԵՏՄ անդամ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, հաճախակի անցկացնում են ֆորումներ, սեմինարներ, կլոր-սեղաններ, դասախոսություններ, գիտաժողովներ, որոնց նպատակը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների բնակչությանը ԵՏՄ-ի, նրա նպատակների, գործունեության, արժեքների, եվրասիական ինտեգրման հարցի շուրջ երիտասարդների տեղեկացվածության բարձրացումն է: Բացի եվրասիականության գաղափարախոսությունը և արժեքները տարածելուց, այդ կազմակերպությունները քարոզում են նաև հակալիբերալիզմ, հակաարևմտյան տրամադրություններ, կարոտախտ Խորհրդային Միության նկատմամբ և այլն: 

Միաժամանակ, Ռուսաստանը որպես «soft power»-ի կիրառման գործիք լայնորեն օգտագործում է Կրեմլի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները` վերջիններիս ահռելի միջոցներ հատկացնելով արտասահմանում Ռուսաստանի համար դրական իմիջ ապահովելու, այլ երկրների հասարակական կարծիքի վրա ազդելու, Ռուսաստանը որպես հրապուրիչ երկիր ներկայացնելու համար: Այդ նպատակով մի քանի տարի առաջ նախագահ Պուտինի կարգադրությամբ հիմնադրվեց «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը, որն այսօր անգլերեն և արաբերեն լեզվով հեռարձակվում է ամբողջ աշխարհով մեկ և ըստ որոշ տվյալների` մի քանի տասնյակ միլիոնանոց հեռուստալսարան ունի: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ իրենք Արևմուտքին պարտվում են տեղեկատվական պատերազմում, ուստի պետք է շտկել իրավիճակը: Հայաստանն այդ առումով բացառություն չէ:

Այստեղ ևս Կրեմլն ակտիվ քարոզչական աշխատանք է կատարում: Ներկայումս Հայաստանում թվային ցանցի միջոցով հեռարձակվում են ռուսական մի շարք հեռուստաալիքներ: Բացի այդ հեռուստաալիքներից վերջին տարիներին Մոսկվայի աջակցությամբ Կրեմլի հետ կապեր ունեցող մի շարք անձինք Հայաստանում հիմնադրել են մի շարք կայքեր, որոնք առանձնանում են Ռուսաստանը և ԵՏՄ-ը դրական դաշտում ներկայացնելով, հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու քարոզչությամբ, իսկ դրանցից մի քանիսը նաև հակաարևմտյան քարոզչություն է իրականացնում` փորձելով վարկաբեկել Հայաստանի քաղաքական դաշտի արևմտամետ գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին: