Home / Տեսանյութեր / Կնոջը դանակի 21 հարվածով սպանած տղամարդը 3.5 տարվա ազատազրկման դատապարտվեց

Կնոջը դանակի 21 հարվածով սպանած տղամարդը 3.5 տարվա ազատազրկման դատապարտվեց

Արարատ քաղաքում իր կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին (լուսանկարում) առանձնակի դաժանությամբ դանակի 21 հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանն այսօր ընդամենը 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի կողմից, հայտնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը: 

Նման պատժի պատճառն այն է, որ մեղադրող դատախազն ավելի վաղ մեղմացրել էր Վոլոդյա Մուրադյանի մեղադրանքը՝ հիմնվելով դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած հոգեբան Էլդա Գրինի եզրակացության վրա: Գրինի վերջին եզրակացությունը թվով երկրորդն էր, և այն հաստատում էր նույն հոգեբանի կողմից տրված երկրորդ փորձաքննության արդյունքները, համաձայն որի սպանությունը կատարած Վոլոդյա Մուրադյանը եղել է հոգեպես խիստ հուզված, այսինքն՝ աֆեկտի տակ:

Նախնական մեղադրանքի համաձայն՝ հանցագործությունը որակվել էր «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Վոլոդյա Մուրադյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ միջնորդել էր իրեն մեղմ դատել՝ 6-12 տարի. մեղադրողը էլ ավելի է մեղամացրել պատիժը՝ մեղադրանք առաջադրելով քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը: Այս հոդվածը սահմանում է առավելագույնը 4 տարի ազատազրկում:

Դիանա Նահապետյանի իրավահաջորդը՝ նրա մայրը՝ Վալյա Նահապետյանը, և վերջինիս ներկայացուցիչը՝ Նաիրա Մկրտչյանը, համաձայն չեն երկրորդ և երրորդ փորձաքննության արդյունքների հետ: Նրանք կարծում են, որ ճիշտ է առաջին փորձաքննությունը, որի համաձայն՝ մեղադրյալը հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել. այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը: Դատական նիստերից մեկի ժամանակ Նաիրա Մկրտչյանը հիշեցրել է Էլդա Գրինին, որ սպանության վկաներից մեկը՝ տուժող Դիանա Նահապետյանի դուստրը, պատմել էր, որ դեպքից հետո Վոլոդյա Մուրադյանը մի քանի հեռախոսազանգ է կատարել, նստել է մեքենան և հեռացել, այսինքն՝ նրա գործողությունները խոսել են աֆեկտի բացակայության մասին: Էլդա Գրինը պատասխանել է, որ ժամանակի զգացումը սուբյեկտիվ է, և հնարավոր է, որ վկայի մատնանշած գործողությունները դեպքից անմիջապես հետո չեն կատարվել: Մկրտչյանը նաև հարցրել էր Գրինին, թե, բացի ամբաստանյալի ցուցմունքներից և նրա հետ ունեցած հարցազրույցից, գործի նյութերում առկա ինչ փաստերի վրա է հիմնվել փորձագետը երկրորդ փորձաքննության եզրակացությունը կազմելիս։ Այլ փաստեր Գրինը չէր մատնանշել, որից հետո երրորդ փորձաքննությունն էր նշանակվել: Այն նույնպես անցկացրել էր ինքը՝ Գրինը, և դրա արդյունքն անփոփոխ էր եղել: