Գլխավոր / Տեսանյութեր / ««Արմավիր» ՔԿՀ֊ի կալանավորի ինքնասպանության վարկածն արժանահավատ չէ»

««Արմավիր» ՔԿՀ֊ի կալանավորի ինքնասպանության վարկածն արժանահավատ չէ»

2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատներն արժանահավատ չեն համարում ՔԿՀ֊ի վարկածը, թե երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Այս մասին նրանք հայտնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին։

Հարազատները պնդում են, որ Անզոր Կարապետյանը ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։

Նրանք նաև վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերը և ներքին օրգանների վնասվածքները, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո նա ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:

«Փաստորեն, ինչպես պարզ է դառնում վերը նշվածից, Անզոր Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ է անցկացրել և թե ինչ հանգամանքներ կարող էին նրան դրդել ինքնասպանության, մնում է անհասկանալի։ Այնուամենայնիվ, համադրելով վկայակոչված փաստերը և հարազատների պատմածը, Անզոր Կարապետյանի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալը, քրեակատարողական հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը և դիահերձման ընթացքում ի հայտ եկած մարմնական վնասվածքները, Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելը առավել քան արժանահավատ չէ: Դիմումատուները հայտնել են, որ Անզոր Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն՝ հայցելով Կազմակերպության օգնությունը այդ հարցում: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության ևս երկու դեպք է տեղի ունենցել՝ 2015թ․ դեկտեմբերի 19-ին դատապարտյալներից մեկին կախված էին գտել, իսկ 2016թ․ հունվարի 6-ին Արմավիր ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել էր դատապարտյալ Արմեն Փարսադանյանի դին: Եթե այս երկու դեպքերի մասին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կողմից տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն, ապա Կարապետյանի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածվել։ Այս հանգամանքը ևս մեծացնում է Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ վարկածի ոչ արժանահավատ լինելու հավանականությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք. Կարապետյանը ՔԿՀ տեղափոխվելուց հետո գտնվել է այն նույն խցում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանության վերոնշյալ դեպքերից մեկը», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։