«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը (լուսանկարում) երեկ երեկոյան բանտում կրկին հացադուլ է հայտարարել։ Սաֆարյանն այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա հացադուլ սկսել՝ պահանջելով իրենց առանձին խուց տեղափոխել, ինչն էլ արվել էր։ Ինչպես նշված է «Նոր Հայաստան» շարժման հաղորդագրության մեջ, առանձին խցում Սաֆարյանին պահելը կարճ է տևել։
«Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, Գևորգին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի իրավունքների, հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: Այնուհետև Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին պատժախուց: Իսկ Հայկ Կյուրեղյանի շատ նեղ խցում տեղավորել են մի քանի հացադուլավորների` դրա պայմաններն անտանելի դարձնելով այնտեղ գտնվողների համար», ֊ ասված է շարժման հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը 27 օր տևած հացադուլը դադարեցրել էր 2015-ի դեկտեմբերի 14-ին։ Նա նույնպես պահանջել էր իրեն առանձին՝ չծխողների համար խուց տեղափոխել։
«Նոր Հայաստանը» նշում է նաև, որ տարբեր աղբյուրների միջոցով պատկան մարմիններից ստացվող փաստարկումը, որ այդ տեղափոխությունները պայմանավորված են կալանավայրի գերբեռնվածությամբ, հերքվում է Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած Զարուհի Փոստանջյանի տեղեկություններով, որոնց համաձայն Գևորգի պատժախուցը շատ ընդարձակ է:
«Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժոխքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց», ֊ եզրափակում են հաղորդագրության հեղինակները: