Home / Տեսանյութեր / Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

Տարվա սկզբից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հունվարի 16-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այդ օրն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել հացադուլ հայտարարած Գևորգ Սաֆարյանին, ինչպես նաև 9 տարվա ազատզրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին։ Վերջինս նույնպես հացադուլ էր հայտարարել՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով պահանջում էր իրեն առանձին խուց տեղափոխել։ 

Փաշինյանի փոխանցմամբ՝ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր խուց, որտեղ գտնվելու պայմանների հետ կապված ոչ մի բողոք չի ունեցել: Կյուրեղյանը, սակայն, դեռ չի դադարեցրել հացադուլը: Այդ որոշման պատճառների մասին Փաշինյանը չի նշել։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա հացադուլ սկսել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել, առանձին խցում Սաֆարյանին պահելը կարճ է տևել։

Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, «Նոր Հայաստանի» ներկայացուցչին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: