ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վրաստանցի փաստաբան Գեորգի Տատիշվիլին պահանջում է նույնասեռ ամուսնությունների օրինականացում։ Փաստաբանը համապատասխան հայցով դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Newsgeorgia֊ի փոխանցմամբ, Տատիշվիլին մշակում է նաև հայց նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրելու իրավունք շնորհելու պահանջով։
Փաստաբանի խոսքով՝ Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106֊րդ հոդվածի բովանդակությունը (ամուսնություն` տղամարդու և կնոջ կամավոր միություն ընտանիք ստեղծելու նպատակով) չի համապատասխանում երկրի Սահմանադրության 36֊րդ հոդվածին (ամուսնությունը որպես կամավոր միություն հիմնված է ամուսինների իրավահավասարության վրա):
Տատիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի պաշտպանի ԼԳԲՏ+ անձանց իրավունքները, որոնք, ըստ փաստաբանի, խոցելի սոցիալական խումբ են հանդիսանում Վրաստանում։ Նա նաև ասել է, որ ՍԴ հայցից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ ու իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին։