Home / Հայաստան / «Գուլիվեր»․ եվրոպական ինքնության կայացման ուղին

«Գուլիվեր»․ եվրոպական ինքնության կայացման ուղին

Հոդված՝ Գուլիվերի ճանապարհորդությունը ժամանակային գետով

Հեղինակ՝ Անուշ Սեդրակյան

Անգլիական գրականության լավագույն վեպերից մեկն ամփոփում է ոչ միայն անգլիական, այլև եվրոպական ինքնության կայացման ուղին: Ջրային ճանապարհորդության կրկնվող մշակութային իմացաբանական մոդելը ամեն անգամ իր հիմնական կառուցվածքին գումարում է նոր նրբերանգներ և մեկնաբանություններ;

Այսպես. Ոդիսևսի ճանապարհորդությունը մարդու շրջանաձև ուղևորությունն է, որի նպատակն է հաստատել.որ ժամանակի պտույտի մեջ մարդը վերադառնում է նույն տունը, նույն կնոջ մոտ, հաստատելով մարդկային անձը որպես յուրատեսակ տիեզրական կոնստանտ, որին ժամանակային հոսքը պարգևում է միայն սեփական գոյության անփոփոխ սահմանի ճանաչումը:

Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել» վեպի գլխավոր հերոսների ճանապարհորդությունն արդեն բացարձակ այլ նպատակներ է հետապնդում՝ անձի կողմնորոշումը ինֆորմացիոն և կենսական հոսքի մեջ: Վերածննդի մարդու կյանքի ճանապարհորդության տեսլականը պարզորոշ վերրբալիզացված է վեպի վերջին հատվածում «ԹՐԻՆԿ» (խմիր, կլանիր) բառի մեջ, որը խորհրդանշում է գիտելիքի, աշխարհընկալման սկզբունքի ձեռքբերումը, որի հետևանքով ճանապարհորդության դուրս եկած մարդը ընդլայնում է իր աշխարհը ոչ միայն ֆիզիկական սահմանների շնորհիվ. նա ճանապարհրդությունն ավարտում է արդեն վերափոխված, ընդ որում համաձայն Վերածննդի հումանիզմի և լավատեսության դա որակական փոփոխություն է դեպի լավը, դեպի մարդու նոր մտածողության սահմանը:

Լուսավորականության խնդիրները ավելի բարդ են, քանի որ ի տարբերություն անտիկ ժամանակային հոսքի (ուր մարդը նույնը մնալով պայքարում է արտաքին մարտահրավերների դեմ, կամ Վերածննդի ճանաչողական ծովային ճամփորդության, ուր ի բնե իդեալ հռչակված մարդը ձևավորում էր նոր, առավել կատարյալ ստանդարտ) Լուսավորականության ժամանակային ուղին ենթադրում էի անհատի նոր ինքնաճանաչման մոդել. հասարակության մեջ ինտեգրվելու կամ, ավելի շուտ ամբողջի մաս, հանրային խմբի անդամ, մարդկության ներկայացուցիչ լինելու տեսանկյունից:

Դրա համար անգլիական լուսավորիչները կիրառեցին երկու գրական-փիլիսոփայական հնարք.

1․ Անձի պարտադրված մեկուսացում հասարակությունից (Ռոբինզոն Կրուզոյի ճանապարհորդությունը):

2 Անձի ինտեգրում իր համար օտար և անծանոթ հանրության մեջ, որը մեկուսացման առավել մեղմ, քողարկված տարբերակ է (Գուլիվերի առաջին երեք ճանապարհորդությունները):

3 Անձի կամավոր ինքնամեկուսացում (Գուլիվերի վերջին ճանապարհորդությունը դեպի հուինհնմների երկիր):

Ծագումով իռլանդացի, վիգերի կուսակցության խորհրդական, եկեղեցու սպասավոր, Անգլիայի և Իռլանդիայի ներքին բախումների հետևանքների և մերժողական փիլիսոփայության կրող, մեծ երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի յուրատիպ մոտեցումը Լուսավորականության ժամանակաշրջանի հիմնախնդիրներին պայմանավորված էր թե՛ նրա բացառիկ անձնական բնութագրով, թե՛ 18–րդ դարի Անգլիային բաժին ընկած խնդիրների և մարտահրավերների բազմազանությամբ:

Վերածննդի ժամանակաշրջանում պետական ինստիտուտների ամրությունը պայմանավորված էր անձի ներքին հայրենասիրությամբ ու ոտքի ելնող Եվրոպայի ընդհանրական ուղղությամբ, որը հետապնդում էր մարդասիրության գերակայության ամրապնդումն ամենուրեք՝ արվեստների զարգացումից մինչև պետական քարոզչություն:

Լուսավորական ժամանակաշրջանում ապրող մարդն ու նրան մարմնավորող գրական հերոսը այլ խնդիրներ ունեին՝ հասարակության մեջ օգտակարության անհրաժեշտություն, աշխատանքի գերակայություն, բարոյական նորմերի պահպանում առանց դրանց կրոնական ֆետիշացման, բայց երևի նրանցից ամենակարևորը բոլոր հանգամանքներում մարդկային արժանապատվության պահպանումն էր:

Եթե ուշադիր լինենք, Գուլիվերն անվերջ կանգնած է իր արժանապատվությունը պահպանելու խնդրի առաջ: Ընդ որում հասարակության արմատական փոփոխությունը, տարբեր հասարակությունների օրենքներն ու վարքուբարքը ճանաչելու գործընթացը կոչված է ամրապնդել այդ արժանապատվության զգացումը:

Լիլիպուտիայում նա բոլորից բարձրահասակ է և ուժեղ, հսկաների երկրում բոլորից փոքր ու թույլ, և երկու դեպքերում էլ փորձում է չլինել մեծամիտ, կամ ստորաքարշ՝ պահպանելով լուսավորականության գերակա սկզբունքը՝ հանրային անհատի ոսկի միջինը, որը ներկայացնում է իր հասարակությունը, իսկ Հուինհնմների երկրում նաև ողջ մարդկությունը:

Արժանապատվության մարդկային «ներկայացուցչական» կարևորությունը, հատկապես ցայտուն երևում է Ռոբինզոն Կրուզոյի կերպարի մեջ: Հասարակությունից և մարդկությունից մեկուսացած հերոսը բազմաթիվ ամիսներ ծախսում է լավ սեղան ու լավ աթոռ սարքելու վրա ոչ այն պատճառով, որ այլ կերպ չի կարող նստել կամ սնվել, այլ որպեսզի պահպանի մարդկության քաղաքակրթական նվաճումները և չգլորվի վայրենության գիրկը, քանզի լուսավորական հերոսը միշտ պատասխանատու է ողջ մարդկության համար, նրա ավանդույթների և վարվեցողության նորմերի պահպանման և փոխանցման համար:

Լուսավորականությունն, ի տարբերություն Վերածննդի ընդգծում էր մարդու անկատար բնույթը, արձանագրում էր մարդուն բնորոշ թերությունները, և այդ անկատարության աստիճանական ահագնացումը նկատվում է Գուլիվերի ճանապարհորդությունների ժամանակ:

Այսպես, «Ճանապարհորդություն դեպի Լիլիպուտների երկիր» գլխում հիմնականում թիրախավորվում են տեղական արքունիքն ու իշխանական էլիտան, որն իր վարքուբարքով երգիծական անդրադարձ է տալիս անգլիական միապետությանը և Անգլիայի ողջ քաղաքական համակարգին: Մինչդեռ արդեն վեպի վերջին գլխում (Ճանապարհորդություն Հուինհնմների երկիր) մերկացվում են մարդկային ընչաքաղցությունը, ծուլությունն ու ստախոսությունը, իբրև ոչ մեկ առանձին սոցիալական դասին այլ ողջ մարդկությանը բնորոշ արատներ:

Վեպի առաջին գլխում («Ճանապարհորդություն Լիլիպուտների երկիր») հստակ երևում են միապետական Անգլիայի կառավարման համակարգի բոլոր թերությունները: Թագավորի գահի դիմացի փոշին լիզող, կամ վերևում ձգված պարանի վրա ցատկեր կատարող պալատական ազնվականի նկարագիրը լիովին համահունչ էր այդ ժամանակի բարքերին:

Ճանաչելի էին նաև Անգլիայի պառլամենտում ներկայացված երկու կուսակցությունների՝ վիգերի և տորիների քաղաքական պայքարի նրբերանգները, որը Սվիֆթը Գուլիվերի շուրթերով անվանում էր «պատերազմ արդեն կերած ձվի շուրջ»:

Լուսավորականության սկզբունքների համաձայն գլխավոր հերոսը չէր կարող լինել ինտելեկտուալ կամ գերէմոցիոնալ մարդ. դա պայմանավորված էր այն փաստով, որ Լուսովարականության փիլիսոփայության ռացիոնալիզացիան պահանջում էր մարդու վարքագծիի շրջանակների հստակեցում, ինչպես նաև առարկայական աշխատանքային ներդրում հանուն հանրային ներդաշնակ համակեցության:

Այսպես. հսկաների երկրում, թագավորական պալատում, ուժեղ և արդար թագավորի հոգածության ներքո ապրող Գուլիվերը պահանջում է աշխատանք, հնարում է իր համար զբաղմունքներ, պատրաստում է պերճանքի իրեր և կենցաղային առարկաներ, որովհետև ժամանակի անօգուտ վատնումը արգելված է Լուսավորականաթյան գաղափարական հայեցակարգի տեսանկյունից:

Արժանահիշատակ է Սվիֆթի վերաբերմունքը գիտությանն ու արվեստներին, որ արտացոլում է Լուսավորականության ընդհանուր փիլիսոփայությունը: Լապուտա երկրի բնակիչների մոտ կատարած այցի ժամանակ Գուլիվերը հանդիպում է երևակայողներին «projecters». (այդպես է Սվիֆթն անվանում գիտնականներին), որոնք փորձարկում են անհավանական նախագծեր՝ ծախսելով դրա վրա ժամանակ և փող:

Նույն Լապուտա երկրում ինտելեկտուալ վերնախավը զբաղված է միայն երաժշտությամբ և մաթեմատիկայով՝ անտեսելով կառավարման և աշխատանքի անհրաժեշտությունը:

Լապուտայի՝ անհավանական նախագծերով զբաղված գիտնականների նկարագրությամբ Սվիֆթը միաժամանակ լուծում էր երկու խնդիր.

ա/ ծաղրում էր անգլիական ակադեմիան` իր կարծրատիպերով և «անօգուտ» հետազոտություններով:

բ/ հաստատում էր Լուսավորականության այն սկզբունքը, որ տեսական գիտելիքն ընդհանրապես պիտանի չէ հասարակությանը:

Ապագայում, պոստմոդեռնիսատական ժամանակաշրջանում այս գաղափարը դարձյալ կդրվի շրջանառության մեջ, արդեն այլ բացատրությամբ՝ մարդկությունը իր մոդեռնիզացիայով և տեսական ռեալիզացիայով արդեն կուտակել է բավականաչափ տեսական գիտելիքներ և դեռ չի յուրացրել դրանք, ուրեմն նախապատվությունը պետք է տրվի կիրառական գիտելիքներին։

Նույն տրամաբանության մեջ հուինհնմների իդեալական հասարակության մեջ Սվիֆթը մտադրված ընդգծում է, որ հուինհնմններն ունեն ընդամենը մի քանի բանահյուսական երգեր, հիմներ և բանաստեղծություններ հայրենիքի մասին,և դա նրանց ողջ մշակութային ավանդույթն է:

Արվեստների բացակայությունը եվրոպական բազմաթիվ ուտոպիական վեպերի պարտադիր նախապայմանն է (Թոմաս Մուր` «Ուտոպիա», Օլդոս Հաքսլի՝ «Նոր հրաշալի աշխարհ»):

Սվիֆթը հատուկ ընգծում է արվեստների «անկարևորությունը» լուսաբանելով Լուսավորականության այն թեզը, որ ամուր, բարեկեցիկ և առաքինի հասարակության համար մարդուն անհրաժեշտ են բարոյական ուղենիշներ (պատվիրանների տեսքով), աշխատանք և ներդաշնակ համագործակցություն հասարակության և բնության հետ: Այդ իդիլիկ աշխարհին, որպես կանոն հակադրվում էին այն ինստիտուտները, որոնք իբր թե կոչված էին պահպանել այդ նորմերը՝ իշխանությունը, եկեղեցին և հասարակական ներքին կանոնակարգը:

Առանձնահատուկ մոտեցում էր դրսևորում Լուսավորականությունը կրոնի հանդեպ՝ փորձելով հաշտեցնել կրոնի համակարգող բարոյական դերը հասարակության կյանքում և բռնապետական դիրքը, որ որդեգրել էր եկեղեցին:

Կրոնը մնալով բարոյական կռվանների համակարգ՝ կորցնում է միջնադարին բնորոշ մռայլ ճակատագրականությունը, նաև Վերածննդի լուսավոր հարմոնիան, որ հաստատվում էր անհատի և կրոնական գաղափարախոսության մեջ:

Վոլտերի թեթև ձեռքով ասված ֆրազը՝ «Եթե աստված չլիներ, նրան պետք էր հնարել», լավագույնս բացահայտում է կրոնի հանդեպ Լուսավորականության մոտեցումը: Դա հավատքի ռացիոնալիզացիան էր, կրոնական ուսմունքի կիրառական արժեքի բացահայտումը:

Այս միտումը հիանալի երևում է «Ռոբինզոն Կռուզո» վեպի այն դրվագում, երբ հերոսը սկզբում ցորենի հասկերը հայտնվելն իր արտում համարում է աստվածային հրաշք, հետո վերլուծելով բացահայտում է, որ այդ հասկերը ընկել են հողի մեջ պարկերը թափ տալու ժամանակ:

Դա բնավ չի խանգարում սակայն Ռոբինզոն Կրուզոյին պարտաճանաչ աղոթել՝ առանց մոլեռանդության, քանի որ հավատը ներքին մղումից և եկեղեցական պարտադրանքից վերածվում էր քաղաքակրթական և բարոյական նորմատիվի։

«Գուլիվերի Ճանապարհորդությունը» վեպում այդ ռացիանալիզացիան առավել փիլիսոփայական է և առնչվում է կրոնի հիմք հանդիսացող անմահության, հավերժական գոյության գաղափարի հետ:

Անմահ լինելու դանթեական կոնցեպտը, Վերածննդում վերաիմաստավորվեց՝ ներկայացվելով իբրև սերնդափոխություն, շարունակականություն, բնական ցիկլի սովորական ընթացք:

Այդ մտայնությունը Լուսավորականության մեջ վերածվեց մարդու գոյության կարճաժամկետ, բայց բնավ ոչ հուսահատական անհրաժեշտության: Կյանքի ընթացքը կարևոր է հասարակական մարդու համար ,բայց այդ ուղին աննկատ էր անցնում հենց իր՝այդ կյանքն ապրող մարդու համար: Դրա համար վեպում տրված է երկու խորհրդանշական դրվագ, որոնք լիովին մեկնաբանում են կյանքի ցիկլի սկզբի և ավարտի ռացիոնալիզացիան.

1-Գուլիվերի այցելությունը «Անմահների կղզի»

Անմահները՝ ստուլդբրուգները, լուսավորական մարդու պես մեկուսացված են աշխարհից, բայց դրա հետ մեկտեղ զրկված հիշողությունից և հանրօգուտ աշխատանք կատարելու հնարավորությունից:
Հատկանշական է, որ Լուսավորականությունը ոչ թե շեշտը դնում է բարոյականության նորմերի խախտման, այլ դրանց մոռացության վրա: Արդյունավետ մարդու լուսավորական տեսլականն անհամադրելի էր անմահության գաղափարի հետ, որը Սվիֆթը կրոնական և բանաստեղծական իդեալից վերածեց տհաճ և անիմաստ իրողության:

2 Ձիերի կղզի այցելության ժամանակ հարևան ընտանիքի կինը գալիս է և Գուլիվերին հյուրընկալած ընտանիքին հաղորդում, որ ամուսինը մահացել է։ Նա ունենում է լավ տրամադրություն, և նրա վարքը չի մատնում վիշտ կամ շփոթություն։

Երկու դար հետո մահվան նկատմամբ նմանօրինակ վերաբերմունք կցուցաբերեն Օլդոս Հաքսլիի «Նոր հրաշալի աշխարհ» վեպի հերոսները։

Գուլիվերը ընդգծված բացասական վերաբերմունք է դրսևորում անհատական գեղագիտական հակումների, մելանխոլիայի, սպլինի, վերացարկված մտածողության հանդեպ:

Լապուտա թռչող կղզու վերնախավի ներկայացուցիչները խոսում և մտածում են միայն մաթեմատիկայի և երաժշտության մասին, դերձակները կարում են մաթեմատիկական հաշվարկներով: Արդյունքում հագուստը պիտանի չէ հագնելու համար, իսկ վերացարկված գաղափարներն անտեսող ժողովուրդը բողոքում է երաշտից և հարկերից:

Փիլիսոփայության հանդեպ նման վերաբերմունքն առավել հետաքրքրքաշարժ էր և հակասական, քանի որ լուսավորականները՝ հանձին Վոլտերի, Դիդրոյի, Լոկկի և Հոբսի ձևակերպում և ներկայացնում էին նույն այն վերացարկված գաղափարախոսությունը, որի դեմ պայքարում էին գրական երկերի օգնությամբ:

Հանրային օգտակարության, ինքնաբավության և քաղաքակրթական մինիմումի փոխանցման առաքելությունն անհամատեղելի էր գերզգայունության, ստեղծագործական երևակայության և փիլիսոփայական վերացարկված տեսաբանության հետ։

Գուլիվերին վերջում վտարում են իդեալական հասարակությունից: Հագուստից զրկվելով, նա առավելագույնս նմանվում է «յահու» վայրենի ցեղի եղկելի արարծներին, որոնք հուինհնմների երկրում կատարում են ստրկական ծանր աշխատանք:

Հագուստն այս դեպքում խորհրդանշում է վարվեցողության կանոնների և քաղաքակրթական «մշակման» այն արտաքին փայլը, որից զրկվելով մարդը կարող է դրսևորել իր բնազդային էության ամենատհաճ կողմերը։

Այդ է պատճառը, որ Գուլիվերը պարտադրված հասարակական մեկուսացումից գնում է դեպի կամավոր ինքնամեկուսացում, դրանով ապացուցելով, որ անձը, անզոր լինելով փոխել հասարկությունը, միշտ կարող է ուղղորդել սեփական կյանքը և կառավարել սեփական մղումները: