Home / Հայաստան / Թուրքիայի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

Թուրքիայի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ին երեկոյան գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, 61֊ը՝ վիրավորվել: Պաշտոնական տվյալները ԶԼՄ֊ներին հայտնել է փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը։

Ականապատ մեքենան պայթեցվել է երկրի Խորհրդարանի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի շենքերից ոչ հեռու, այն պահին, երբ դրա կողքով անցնում էին զինվորական անձնակազմի անդամների տեղափոխող մեքենաներ։

Քուրթուլուշի խոսքով՝ զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք։ Պաշտոնյան հավելել է, որ իշխանություններին հարձակման կազմակերպիչները դեռևս հայտնի չեն, իսկ «լավ պատրաստված ահաբեկչության» հետաքննությամբ արդեն զբաղվում են յոթ դատախազներ։

Նշենք, որ սա վերջին ամիսներին գրանցված երրորդ խոշոր հարձակումն էր Թուրքիայում․ տարվա սկզբին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 10 մարդ, իսկ 2015 թվականի հոկտեմբերին Անկարայում գրանցված՝ Թուրքիայում երբևէ տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել էր շուրջ հարյուրի։