Home / Հայաստան / Բողոքի ելած մարմարաշենցիներին խոստացել են կարճ ժամանակում լուծել խնդիրը

Բողոքի ելած մարմարաշենցիներին խոստացել են կարճ ժամանակում լուծել խնդիրը

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներին խոստացել են, որ գյուղում ժամանակավոր անցում կբացվի, և բնակիչները կկարողանան օգտվել գյուղից դուրս եկող կարճ ճանապարհից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը։ 

Մարմարաշենի գյուղացիներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել գյուղապետարանի դիմաց՝ հայտարարելով, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման պատճառով իրենք զրկվել են դեպի իրենց հողամասեր տանող կարճ ճանապարհից։

«Ծրագրով այդտեղ պետք է կառուցվեր կամուրջ, որը, սակայն, չի արվել, իսկ գյուղացիները փաստի առաջ են կանգնել, քանի որ պետք է մեծ շրջապտույտ անեն՝ գյուղից ինչ-որ տեղ հասնելու համար: Բայց մարզպետարանի աշխատակիցների ու  «Հյուսիս-հարավ» ճանապարհը կառուցող ղեկավարության հետ քննարկեցինք մեր պահանջները, ու խոստացել են, որ 1 շաբաթվա ընթացքում կապահովեն կարճ անցումի կառուցումը, իսկ 1 ամսից էլ կամուրջը պատրաստ կլինի»,- ասել է գյուղապետը։

Գյուղացիները, Հակոբյանի խոսքով, արդեն դադարեցրել են բողոքի ակցիան՝  վստահելով, որ իրենց տրված խոստումները կկատարվեն: 

Լուսանկարը՝ A1plus֊ի տեսանյութից