Home / Հայաստան / Անկարայում ահաբեկչության հետևանքով 30-ից ավել մարդ է զոհվել

Անկարայում ահաբեկչության հետևանքով 30-ից ավել մարդ է զոհվել

Առնվազն 34 մարդ մահացել է, ևս 125֊ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և հիվանդանոցներ տեղափոխվել մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում հնչած պայթյունի հետևանքով։ Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել երկրի Կրթության նախարարության շենքից ոչ հեռու գտնվող Գյուվեն այգում՝ տեղի ժամանակով 18։35-ին։ Նախնական տվյալների համաձայն, պայթեցվել է մեքենա, ինչի հետևանքով հարևանությանմբ կայանված բազմաթիվ այլ մեքենաներ սկսել են այրվել։

30 մարդ մահացել է տեղում, 4-ը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Վիրավորների շրջանում 19 անձանց վիճակը ծանր է գնահատվում։ Ոստիկանության նախնական տվյալների համաձայն, մահացածներից մեկը կամ երկուսը կարող են ահաբեկչական գործողության կատարողները լինել։

Նշենք, որ վերջին կես տարվա ընթացքում սա Թուրքիայի մայրաքաղաքում գրանցված երրորդ խոշոր ահաբեկչական գործողությունն է։ 2015-ի հոկտեմբերի 10-ին պայթյուն է որոտացել Անկարայի կայարանի մոտ, որի հետևանքով մահացել է 103 մարդ։ Պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

2016-ի փետրվարի 17-ին մեքենա էր պայթեցվել Անկարայի կենտրոնում, որի հետևանքով 29 մարդ էր զոհվել։ Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քուրդիսատանի ազատագրման բազեներ» խմբավորումը։