Փաստաբան Հայկ Ալումյանը կոչ է անում հաճախ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թեկուզ 12 տարի անց ճշմարտությունն ի հայտ է գալիս, ասում է Ալումյանը՝ անդրադառնալով «Մատաղիսի գործով» ՄԻԵԴ֊ի վճռին։
Մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Զալյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճիռը, որով ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները:
Որոշման համաձայն՝ ՀՀ Կառավարությունը որպես բարոյական փոխհատուցում ընդհանուր առմամբ պետք է վճարի 50.000 եվրո, որից 20.000 եվրո՝ Արայիկ Զալյանին, 15.000-ական եվրո՝ Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին:
Աղմկահարույց «Մատաղիսի գործով» արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը pastinfo.am-ի զրույցում ասել է, որ այս ՄԻԵԴ-ի վճիռը զանգի պես նախազգուշացում պետք է լինի նաև Բուդաղյանների աղմկահարույց գործի շրջանակում․ «Եթե պետք լինի 12 տարի կպայքարենք նաև Բուդաղյանների գործերով արդարության վերականգնման համար, մի օր բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Ես կոչ եմ անում իմ կոլեգաներին օգտագործել այդ ատյանը: ՄԻԵԴ-ն իրոք արդյունավետ դատարան է՝ թեկուզև երկար ժամանակ է պահանջվում արդյունքի հասնելու համար։ Հայաստանի դատական համակարգը ոչ բարվոք վիճակում է այն պատճառով, որ մենք ավելի քիչ ենք դիմում ՄԻԵԴ, քան պետք է դիմել»:
Նշենք, որ «Մատաղիսի» աղմկահարույց գործով երեք ժամկետային զինծառայողները 2005 թվականին դատապարտվել էին 15 տարվա, իսկ մեկ տարի անց` Վերաքննիչ դատարանի կողմից՝ ցմահ ազատազրկման իրենց 2 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով: Տարիներ անց` 2012 թվականին, զինծառայողներն արդարացվել էին Վճռաբեկ դատարանի վճռով: Նրանք պնդում են, որ գործի քննության ընթացքում իրենց նկատմամբ բռնություններ և ճնշումներ էին գործադրվել, որոնց ներքո էր Ռազմիկ Սարգսյանն ընդունել իր և երկու ծառայակիցների մեղքը: