Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել են դեպի Գեղարդի համալիր տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են դադարեցնել գյուղի մոտ ընթացող շինարարությունը, որի նպատակն է Ազատ գետից ջուրը խողովակներով տեղափոխել Արարատի մարզ։ Գառնեցիները պնդում են, որ իրենց գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար։
Գառնեցիները ակցիան սկսել են 11։00-ից, և, չնայած դեպքի վայր ժամանած Կոտայքի ոստիկանապետը բնակիչներին հորդորել է բացել ճանապարհը, չխոչընդոտել քաղաքացիների տեղաշարժին ու ցույցն առանց ճանապարհը փակելու շարունակել, գյուղացիները պնդել են, որ չեն բացի ճանապարհը մինչև շինտեխնիկան չհեռացնեն շինարարության վայրից։
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները պնդել են, որ խողովակաշարի կառուցման հիմնական նպատակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքները ոռոգելն է։ Ակցիայի ընթացքում նրանք պահանջել են նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։
«10 միլիոն դոլար պարտքը, որը պետք է վերցնեն Համաշխարհային բանկից շինարարությունները կատարելու համար, անիմաստ նորից մեր վզին են փաթաթելու, իսկ էդ գետն էլ ոչնչացնելու են, որովհետև գետն առանց այդ էլ ցամաքում է։ Եթե ծրագիրն իրականացնեն, շուտով գետն ամբողջությամբ կցամաքի։ Ծրագրի մեջ ներառված 12 գյուղերը (Արարատի մարզի ֊ խմբ․), որոնք իբր պետք է այդ ջրից օգտվեն, իրականում ոչ մի բանից էլ չեն օգտվելու ու միայն Նարեկ ու Քաղցրաշեն գյուղերն են այդ գետի ջրից օգտվելու, որտեղ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքներն են ու էդ տարածքները ոռոգելու համար է կառուցվում սա։ Այսինքն՝ այդ 12 գյուղերը պարզապես ձևական մտցրել են ծրագրի մեջ, համաշխարհային բանկին հիմնավորում տալու համար, թե, իբր, տեսեք, էսքան շահառուներ կան։ Մենք պահանջում ենք դադարեցնել շինարարությունը, որովհետև ստացվում է, որ պետությունը 10 միլիոնի պարտք է վերցնում, որ վարչապետի տարածքները ոռոգվի, դրա փոխարեն ոչնչանում է գետը», – ասել է համայնքի բնակիչ Սառա Պետրոսյանը։
Ըստ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացրած ծրագրի՝ գետի երկայնքով պետք է կառուցվի 820 սմ տրամագծով խողովակ, որով պետք է ամառվա երկու ամիսներին ջուր տեղափոխվի Արարատի մարզի մի քանի գյուղեր։ Գառնեցիները պնդում են, որ գետի հոսքը վարար է միայն գարնանը և աշնանը, եթե ծրագրով ջուրը տարվի, գետն ամբողջությամբ կցամաքի, ինչը կբերի նաև գետի շուրջ գտնվող ծառերի չորացմանը, ինչպես նաև վտանգի տակ կդրվի գետում առկա ձկների գոյությունը։
Ակցիայի մասնակիցները նաև նշում էին, որ շինարարությունը մեկնարկել է այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններ են սկսվել։ Ի պատասխան դրան, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում շինաշխատանքների ղեկավար Վաչե Դավթյանն ասել է, որ իրենք շինարարությունը սկսել են ապրիլի 4-ին, որովհետև միայն ապրիլի 1-ին են համայնքից շինթույլտվություն ստացել․ «Խնդրում եմ, որ էս շինարարության սկսելը չկապեք Ղարաբաղի պատերազմի հետ, որովհետև մեր էրեխեքն էլ են կռվում Ղարաբաղում ու էս աշխատանքի շահույթի 50 տոկոսը մտնում է ԼՂՀ։ Շինարարությունն իրականացնող «Ֆորֆիրեքշն» ՍՊԸ-ն ղարաբաղյան ձեռնարկություն է և, բնականաբար, հարկեր ենք տալիս ու շահույթի 50 տոկոսը գնում է ԼՂՀ»։
16։00-ի դրությամբ գառնեցիները շարունակում էին փակ պահել ճանապարհը, ինչի արդյունքում մայրուղու այդ հատվածում բազմաթիվ մեքենաներ են կուտակվել, որոնց թվում շատ են հատկապես զբոսաշրջիկներին փոխադրող մեքենաները։ Զբոսաշրջիկներից ոմանք ստիպված են եղել ոտքով շարունակել ճանապարհը, իսկ Ֆինլադիայից ժամանած հյուրերի մի խումբ՝ տեղեկանալով, թե ինչի համար են գյուղացիները փակել ճանապարհը, իրենց աջակցություն են հայտնել նրանց։
Նշենք, որ գյուղացիները ջուրը տեղափոխելու ծրագրի դեմ բողոքում են դեռևս 2014 թվականից։