Գլխավոր / Հայաստան / Հրապարակվել են Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածների անունները (թարմացված)

Հրապարակվել են Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածների անունները (թարմացված)

23:56 Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածների թիվը ժամը 23.56-ի դրությամբ հասնում է 6-ի, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ի կայքը հրապարակել է նրանց անունները.

Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.),

Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.),

Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.),

Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.),

Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.),

Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Ըստ կայքի՝ տուժածներից Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատվում է  ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ի կայքում նշվել էր, որ զոհերի թիվը 2-ն էր: Զոհվածների թիվը դեռևս ճշտվում է:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: 

23:00 Ապրիլի 25-ին՝ ժամը 21:51-ին, Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ 63 համարի Բոգդան մակնիշի երթուղային ավտոբուսի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նշենք, որ ըստ ԱԻՆ կայքի նախնական տվյալների՝ կա 6 տուժած և 2 զոհ: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը panorama.am կայքին տեղեկացրել է, որ զոհերի թիվը 3-ն է, վիրավորների թիվը՝ 7: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Լուսանկարը՝ shamshyan.com