Home / Հայաստան / Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է դատարան

Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է դատարան

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը A1plus.am-ին տեղեկացրել, որ գործն այսօր արդեն ընդունվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ:

Մարտիրոսյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քաղաքական դատավարություններով։ Մասնավորապես, նա վարել է Մարտի 1-ի գործով անցնող 7 քաղբանտարկյալների, Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների, Շանթ Հարությունյանի և ընկերների գործերը։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա երկու ամսով կալանավորվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հետագայում նրա կալանքը երկարաձգվել էր։ Բանտում Սաֆարյանի նկատմամբ ճնշումներ էին եղել․ նա հացադուլ էր սկսել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել անվտանգությունն ապահովելու համար: Առանձին խուց տեղափոխվելուց հետո, Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։