Home / Հայաստան / Հիվանդ կալանավորը մեկ շաբաթ հացադուլի մեջ է. պնդում է՝ իր խցից գողություն է կատարվել

Հիվանդ կալանավորը մեկ շաբաթ հացադուլի մեջ է. պնդում է՝ իր խցից գողություն է կատարվել

Մեկ շաբաթ շարունակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի վիճակի հետ կապված պատկան մարմինների կողմից որևէ արձագանք դեռ չի եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է նաև, որ այսօր Գևորգյանը դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին և Գլխավոր դատախազին՝ նշելով, որ իր խցից գողություն է կատարվել ՔԿՀ աշխատակից Գևորգ Քոչարյանի գլխավորած խմբի կողմից:

«Ըստ Գևորգյանի՝ խցից ապօրինաբար առգրավվել են դարակում պահվող անձնական իրերը, պայուսակ, որի մեջ պահվել է կալանավորի փոխնորդ հագուստը, անգամ խցի փոխարինող լամպը», – ասված է իրավապաշտպանների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ծանր հիվանդ Գևորգյանն ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։