Ազգային ժողովը ձայների 78 կողմ, 13 դեմ, 24 ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։
Մինչ քվեարկությունը օրենքի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը (լուսանկարում)․ «Այս օրենքի 16-րդ հոդվածում 10 էջ բացատրում է, թե ինչ կարգով պետք է դեղը գրանցվի, որից հետո էլ ասվում է, թե Կառավարությունը մի հատ էլ կարգ կսահմանի փորձաքննության համար։ Ես պետք է նշեմ, որ մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ այն հարցի պատասխանը, որ, եթե դեղն արդեն գրանցվում է Գերմանիայում, ինչի՞ համար ա նորից փորձաքննություն անում, որ նոր գրանցի։ Դա բերում է միայն չարաշահման և դեղերի գների բարձրացման»։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իր հերթին, զգուշացրել է խորհրդարանին, որ այս օրենքի արդյունքում դեղերը թանկանալու են: Նա նաև նշել է, որ փոքր ու միջին բիզնեսմենների ներկայացրած առաջարկները չեն ընդգրկվել այս օրենքի մեջ։ «Դեղերի փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ընկերությունները լուրջ մտահոգություն ունեն, որ այս օրենքից հետո դեղի շուկայում մոնոպոլիաները ավելի են ամրապնդվելու»,֊ ասել է Մարուքյանը։