Home / Հայաստան / Նախարարը չի հերքել, թե կառավարությունը որոշել է փակել «Նաիրիտը»

Նախարարը չի հերքել, թե կառավարությունը որոշել է փակել «Նաիրիտը»

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր բարձրացրել է փաստացի չգործող «Նաիրիտ» գործարանի խնդիրը։

Նա նշել է, որ գործարանի վիճակն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացներ առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Խմբի եզրակացությունը, սակայն, մինչ օրս չի հրապարակվել։

««Նաիրիտ»-ի աշխատակիցներն էլ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Արդյո՞ք նշանակում է, որ կառավարությունը նախատեսում է դադարեցնել «Նաիրիտ»-ի գործունեությունը», – հարցրել է պատգամավորը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ի պատասխան նշել է, որ իր հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է գործարանի քիմիկատները և պայմանավորվածություն ձեռք բերել Արտակարգ իրավիճակների նախարարի հետ՝ դրանց վնասազերծման հետ կապված։ Նա ընդգծել է, որ «Նաիրիտ»-ի աշխատանքները դադարեցվել են 2010 թվականի մարտից և մինչև օրս կաուչուկի արտադրություն գոյություն չունի։ Յոլայնը, թեև չի հերքել, սակայն, ուղիղ չի ասել, թե ՀՀ կառավարությունը փակում է գործարանը։

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ այլ պահանջների թվում բարձրացնելով նաև «Նաիրիտի» վերագործարկման հարցը։