ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը (լուսանկարում) իմացել է, որ լրագրողի է պատմում, թե ինչպես է Ալեքսանյանը խլել իր բիզնեսները։
Երեկ Armtimes.com կայքը հրապարակել է Իսրայելյանի հետ հարցազրույցի մոնտաժված կադրերը, որտեղ երևում է՝ նա տեղյակ է, որ հարցազրույց է տալիս։ Կայքը հիշեցնում է, որ Իսրայելյանը, անդրադառնալով նախորդ հարցազրույցում Ալեոսանյանի մասին խոսքերին, ասել էր, թե տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:
Մինչդեռ հրապարակված կադրերում նա ասում է․ «էս պահը նենց շարադրեմ, որ ճիշտ լինի․․․«Էսի անպայման ցույց կտաս», «ուզում եմ լրատվական միջոցով․․․ որ Սամվել Ալեքսանյանը ինձ վնաս ա տվել»։
Հարցազրույցում, որն Իսրայելյանն այժմ փորձում է հերքել, նա պատմում է, որ աշխատել է գործարար, ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով իրեն ոստիկանների օգնությամբ առևանգել է, խլել բիզնեսները` ավտոլվացման կետ, հացի փուռ, վարսավիրանոց։
Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին առևանգելու «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
Դեպքին իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
«Այս նյութի հրապարակումից անցել է 9 ժամ: Հույս ունեմ՝ ՀՔԾ-ն արդեն իսկ խուզարկել է Իսրայելյանի բնակարանը Սամվել Ալեքսանյանի կատարած հանցագործությունների մասին վկայող էլեկտրոնային կրիչը հայտնաբերելու համար:
Հ.Գ. ՀՔԾ-ն պետք է հոգ տանի նաև Իսրայելյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության մասին: Հույս ունեմ՝ որևէ մեկը Իսրայելյանին գլխի կգցի, որ չարժե այս հրապարակումից խուճապի մեջ ընկնել և ոչնչացնել էլեկտրոնային կրիչը: Այս պարագայում նա կկորցնի իր անվտանգության կարևոր երաշխիք և բացի դա, կդառնա պոտենցիալ մեղադրյալ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ սուտ մատնություն թույլ տալու գործով», ֊ գրել է Փաշինյանը։